«Անկախությունն է նաև մեզ Հայրենիք կանչում».ավստրալահայ երգիչ

Ավստրալահայ երգիչ Գառնիկ Պետրոսյանը ծնվել է Իրաքում: 1971 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ավստրալիա: Ապրելով Սիդնեյում՝ նա, միևնույն է, հոգեկան հանգստություն փորձել է գտնել հայրենի հողում և ժողովրդական այն երգերում, որոնք երկար տարիներ կատարում է:

Գառնիկ Պետրոսյանը «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց նաև ընտանիքի հետ հնարավոր հայրենադարձության լուրը, որի մասին, և ոչ միայն, զրուցեցինք նրա հետ:

– Գառնի՛կ, Դուք հաճա՞խ եք Հայաստան այցելում, և այս անգամ ի՞նչն առիթ հանդիսացավ կրկին Հայրենիք գալու:

-Հայաստան ամեն տարի գալիս եմ զբոսաշրջության նպատակով: Այնպես եմ կազմակերպում գործերս, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Հայրենիքումս գտնվեմ և վայելեմ ամենուր թևածող տոնական մթնոլորտը: Միշտ ժպիտով եմ հիշում 2008 թվականին ընտանիքիս հետ առաջին անգամ Հայաստան գալը, որը մեզ համար երազանք էր թվում: Բախտորոշ դարձած այցելությունից հետո սկսեցինք ավելի հաճախակի գալ:

Տաս տարիների ընթացքում Հայաստանում մեծ փոփոխություններ եմ նկատել, հատկապես՝ Երևանում. քաղաքը զարգացել և ավելի բարեկարգ է դարձել, ժողովրդի աչքերում վերականգնվել է ժպիտը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը:

Իսկ այս այցելությունն ավելի հեռանկարային բնույթ ունի. ցանկանում ենք ընտանիքով հայրենադարձվել: Այս օրերի ընթացքում ուսումնասիրեցինք մեր շրջապատը, Հայաստանի ներկայիս իրավիճակը՝ հասկանալու, թե տեղափոխվելուց հետո ինչ պայմաններում պետք է ապրենք: Հուսով եմ՝ ամեն ինչ բարեհաջող կընթանա և կկարողանանք իրականացնել մեր կարևոր որոշումը:

-Ինչու՞ եք որոշել հայրենադարձվել:

-Մեզ համար Հայաստանը եղել և մնում է վերջնական այն հանգրվանը, որտեղ, վաղ թե ուշ, վերադառնալու ենք: Այստեղ մեզ երբեք խորթ չենք զգում, մարդիկ ջերմ են ու սրտաբաց: Իհարկե, երկար տարիներ ապրել ու կայացել եմ Սիդնեյում, բայց այն իմ Հայրենիքը չէ. օտարության զգացողությունը միշտ ուղեկցում է ինձ: Ահա այս հանգամանքներն էլ վերադառնալու շարժառիթ են դարձել:

Անկախությունն է նաև մեզ Հայրենիք կանչում: Առհասարակ, Սփյուռքում անկախության լուրը մեծ խանդավառությամբ ընդունեցինք, շատ սփյուռքահայեր սկսեցին իրենց հայացքը  դեպի Հայրենիք ուղղել:

Ավստրալիայում ծնված տղայիս էլ միշտ հորդորել եմ Հայաստան այցելել: Փոքր-ինչ ձգձգում էր, սակայն գալուց հետո հասկացավ, որ իզուր էր հապաղում: Նա սիրահարված է  Հայաստանին և ուզում է կրկին գալ:

Պետք է նաև նշեմ, որ հայերենը սովորելու և ազգային արժեքներին հաղորդակցվելու համար ծնողներս հայկական դպրոց են ինձ տարել, ծանոթացրել հայոց պամությանը և մշակույթին, որի միջոցով էլ կարողացա հավատարիմ մնալ արմատներիս:

-Վաղու՞ց եք երգում:

-Դեռ փոքրուց եմ հետաքրքրված եղել երգ-երաժշտությամբ, քանի որ մեծացել եմ  ազգային-ժողովրդական երգեր լսելով: Նկատելով երաժշտական ունակություններս՝ ընկերներս քաջալերեցին ինձ երգել: Հետևելով նրանց հորդորներին և միասին ստեղծելով «Արաքս» նվագախումբը՝ 1978 թվականին սկսեցի երգչի կարիերան:

Տարիների ընթացքում ավելի կատարելագործվեցի և հիմա երգում եմ ութ լեզվով: Բայց, իհարկե, գործունեությանս ընթացքում անդավաճան եմ մնում հայկական երգեր կատարելուն, որոնք իմ երգացանկի բաղկացուցիչ մասն են կազմում: Հիմնականում ժողվրդական երգեր եմ երգում, վերջին տարիներին հանդես եմ գալիս նաև էստրադային կատարումներով: Իտալական, արաբական, պարսկական փառատոների ժամանակ անպայման նաև հայերեն եմ երգում:

Ի դեպ, օտարները մեզ որպես հայկական նվագախումբ են ճանաչում: Նրանք շատ են սիրում հայկական երգերը. ելույթներից հետո մոտենում և գովեստի խոսքեր են ասում՝ նշելով, որ միշտ հաճույքով են լսում մեր կատարումները: Համայնքային միջոցառումներին նույնպես մասնակցում ենք, նաև երկու ալբոմ ունենք թողարկած:

Շատ եմ սիրում երգել.այն կյանքիս անբաժան մասն է կազմում:  Հոգեպես ինձ բավարարված եմ զգում, որ կարողանում եմ իմ կատարումներով մարդկանց ուրախություն պարգևել:

-Առաջիկայում չե՞ք պատրաստվում Հայաստանում մենահամերգ ունենալ:

-Մեծ ցանկություն ունեմ Հայաստանում մենահամերգ ունենալ, հավատում եմ՝ կգա այդ օրը, ժամանակի հարց է:

Գևորգ  Չիչյան

Scroll Up