Քաշաթաղի շրջանի Գետամեջ համայնքի սիրիահայ ընտանիքը բնակարանամուտ է տոնել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Գետամեջ համայնքի սիրիահայ Արթին և Քրիստինե Ալմաջյանների ընտանիքը բնակարանամուտ է տոնել:

«Արցախպրես»-ի թղթակցի    հաղորդմամբ՝  բնակարանամուտին ներկա էին  «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր  տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Արցախի գրասենյակի տնօրեն Էդիկ Գրիգորյանը,  Լոս  Անջելեսից   Արցախ   ժամանած  բնակարանի  վերակառուցման   աշխատանքների   հովանավոր Լիզա  Գրիգորյանը, հիմնադրամի  այլ աջակիցներ  և  համագյուղացիներ:

Արթին   Ալմաջյանը պատմել  է,  որ  մինչ   Գետամեջ  գալն   ինքն  ապրում  էր   Սիրիայի  Դամասկոս  քաղաքում: Այնտեղ  ավելի  քան   4  տարի   մասնակցել  է  սիրիական  պատերազմին  և  ոտքից  վիրավորվել:  2015  թվականին   է  իր  ընտանիքով  տեղափոխվել   և  բնակություն  հաստատել Գետամեջում:
«Այստեղ  էլ ես  հանդիպել  եմ  Աննային  և ամուսնացել. առայժմ  ունենք   երկու   երեխա: Այսօր ապահովվել  ենք  նոր և հարմարավետ  բնակարանով, ինչի  մասին  շատ  էինք   երազում: Ես  այստեղ  զբաղվում  եմ   հողագործությամբ  և  անասնապահությամբ»,-ավելացրել  է  Ա.  Ալմաջյանը:
Աննա  Ալմաջյանն   էլ  ասել է, որ   յուրաքանչյուր    նորաստեղծ  ընտանիքի, հատկապես  վերաբնակչի   համար,   շատ    կարևոր  է  սեփական  տուն  ունենալը:
ՀՀ  Եղեգնաձոր  քաղաքից  6  տարի  առաջ  էլ  Աննան  է տեղափոխվել Գետամեջ.  գյուղի    դպրոցում  դասվանդում է   հայոց  լեզվի  և  գրականություն:
Նա  ևս  իր   շնորհակալությունն  է  հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի   բոլոր     աջակիցներին  և     խոստացել, որ  իրենց    և  իրենց  նման  մտածողմներն  են    շեն  պահելու   Արցախի    ազատագրված հայոց   պատմական   տարածքները:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի  խոսքով՝    2018  թվականի   ընթացքում իրենք  արդեն   3   բնակարանն  են   հանձնել  Արցախում   վերաբնակություն  հաստատած  ընտանիքներին, իսկ 2   բնակարան  էլ տրվել  է  «Բնակարանային օգնություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում:
«Այս  տարի նախատեսված  է   Քաշաթաղի  շրջանի   Հերիք  և  Հակ  համայնքներում   ևս  երկու  վերաբնակիչ  ընտանիքների բնակարան  հանձնել: Հիմնադրամի   բարեգործական   նման  աշխատանքները   խթան են  հանդիսանում, որ   Արցախի  ազատագրված  պատմական  տարածքներում    վերաբնակվող   ընտանիքների թիվն  էլ  ավելանա: Ուրախ ենք, որ   բնակարանների   կարիք  ունեցող   ընտանիքների  թիվն  ավելանում  է. դա  նշանակում  է, որ Քաշաթաղում ապրել  ցանկացողների   թիվը  շատանում  է»,-ավելացրել է Ռ. Դուդակլյանը:
Scroll Up