Տեղի ունեցավ «Փրկության հրեշտակը» ներկայացումը՝ նվիրված ԱՀԱԸ-ի հիմնադրման 100-ամյակին

Սեպտեմբերի 25-ին Հայ Ավետարանչական կենտրոնում «Հավատի, սիրո և ծառայության 100 տարվա ժառանգություն» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի՝ Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի փրկության համար նահատակված վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի հիշատակին  նվիրված «Փրկության հրեշտակը» ներկայացումը, որը նվիրված էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրման 100-ամյակին:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ԱՀԱԸ-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը բացման խոսքում նշեց, որ ներկայացման սցենարը հիմնականում գրվել է գերմանացի հեղինակ Հիլմար Կայզերի «Դեյր Էզ-Զորի  խաչուղիներում: Մահ, վերապրում և ընդհատակյա մարդասիրական դիմադրություն Հալեպում 1915–1917 թթ» գրքի հիման վրա, որը հեղինակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անկախ հետազոտությունների արդյունք է:

Ներկայացման ավարտին Հիլմար Կայզերն իր խոսքում ընդգծեց, որ տպավորված է  «Փրկության հրեշտակը» ներկայացումից և հավելեց, որ վերոնշյալ գիրքը քսան տարի առաջ գրելով՝  փորձել է մարդկությանը ներկայացնել Հովհաննես Էսքիջյանի՝ Հալեպում ծավալած բարեգործական, մարդասիրական վեհ աշխատանքները և ցույց տալ նրա քրիստոնեկան հավատը, որն էլ դարձել է օրհասական վիճակում գտնվող հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու շարժիչ ուժը:

Հոբելյանական երեկոն ամփոփեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը,  ով մասնավորապես ասաց. «Այս օրերին Հայաստանում նշում ենք ԱՀԱԸ-ի 100-ամյակը: Ավետարանչականը ստեղծվեց Վերապատվելի Հ. Էսքիջյանի նման հոգևոր հովիվների և սրտի զգացումների մեծ գանձ ունեցող աշխարհականների կողմից: Մենք ծնվել ենք Հալեպում, Վեր. Հ.Էսքիջյանի կողմից փրկված երեխաներն են եղել մեր ծնողները:  Մենք այսօր հիշում ենք նաև Վեր. Ահարոն Շիրաճյանին, Հրանդ Կյուզելյանին, ովքեր նույնպես հազարավոր երեխաների կյանք փրկեցին՝ դառնալով բազում մարդկանց կյանքի աղբյուրը: Վեր. Էսքիջյանը վստահ էր, որ Ցեղասպանությունից հետո վերապրող հայ որբերը, փոքրաթիվ ուսուցիչները, բժիշկներն ու այլ մտավորականներ հնարավորություն էին տալու հայությունը կրկին վեր հառնելու»:

Հավելենք, որ հանդիսատեսի շարքերում ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն Վեր. դոկտ. Վահան Թութիկյանը, Վերապատվելի Հովհաննես Էսքեջյանի թոռը՝ Մարտին Էսքեջյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ  Ռուբեն Սաֆրաստյանը, Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, դասախոսներ, հյուրեր արտերկրից, հասարակական, միջազգային կազմակերպություններից, եկեղեցականներ տարբեր կառույցներից, հայ ավետարանական միությունների նախագահներ, եկեղեցական առաջնորդներ:

 

 

Scroll Up