Մխիթար Հայրապետյանը ներկա էր «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառի բացմանը
Սեպտեմբերի 19-ին, սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Երևանում բացվեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար և հյուպատոս Բաշար Սաֆին:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են ոչ միայն համեղ եւ բազմապիսի ուտեստներ, այլեւ ձեռագործ աշխատանքներ, բնական քարերից և արծաթից պատրաստված զարդեր:
Մխիթար Հայրապետյանը շրջեց բոլոր տաղավարներով, ծանոթացավ մասնակիցների հետ, լսեց նրանց հուզող հարցերը: «Այսօրինակ միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, իսկ սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծի ընդհանուր մի հարթակ, որտեղ այս մարդիկ կարող են իրացնել իրենց ձեռքի աշխատանքները»:
Մասնակիցները հիմնականում նշում էին, որ չեն դժգոհում առևտրից, բայց չեն էլ կարող իրենց թույլ տալ վարձել առանձին խանութներ բացել: Այս հարցի հետ կապված Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախարարությունը աշխատանքներ է տանում:
Հիշեցնենք, որ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը կգործի միայն սեպտեմբերի 19-ին, մինչև՝ ժամը՝ 19:00-ն: