«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությանը՝ ավագ ատենապետ Գերի Զամանիկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Դրյու Զամանիկյանը, Սոնա Մանուելյանը, Էդուարդ Սանոսյանը, Սիլվիա Քալիշյանը, Ջեք և Եվա Մեմորյանները, Բարբարա Հարությունյանը, Լիլի Սարգսյանը, Նարինե Աղասարյանը և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Գոհար Պալյանը:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հարյուրամյա հայանպաստ գործունեությունը: Նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ծանոթության համար: Շնորհակալ եմ այն ամենի համար, որ անում եք հայ ազգի, Հայաստանի ու Արցախի համար: Հուսով եմ` համագործակցությունը կշարունակվի, կըդլայնվի ու առավել ակտիվ կդառնա: Հպարտությամբ պետք է նշեմ, որ փոխվել է մեր մոտեցումը սփյուռքին՝ ոչ միայն մենք ունենք սփյուռքի կարիքը, նաև սփյուռքը ունի Հայաստանի կարիքը»:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ ատենապետ Գերի Զամանիկյանը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման համար և հավելեց. «Ամերիկահայերը ողջունում են հեղափոխությունը Հայաստանում և շատ հպարտ են նոր Հայաստանով: Ուզում ենք աշխատել նոր կառավարության հետ: Մեզ համար մեծ պատիվ է ներկայանալ Ձեզ: Հայապահպանությունը առաջնահերթություն է մեզ համար: Սփյուռքում ձուլումը արագ և դյուրին է, որովհետև երիտասարդությունը օտար շրջանակի մեջ է գտնվում, կորցնում ենք լեզուն: Խառնամուսնությունները նույնպես քայքայում, թուլացնում են համայնքը: Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար կարևոր է պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Սփյուռքը ուժեղ է Հայաստանով, Հայաստանը՝ Սփյուռքով»:

Քննարկվեցին լեզվի, մշակույթի, ինքնության պահպանությանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև՝ հայրենադարձությանը վերաբերող հարցեր: Նախարարը ներկայացրեց գերատեսչության անելիքները, ռազմավարությունը, անդրադարձավ «Քայլ դեպի տուն», «ներՈՒԺ» ծրագրերին, կարևորեց ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին: «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916թ., գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Կանադայում, 2016թ.-ից նաև՝ Հայաստանում:

Scroll Up