Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրենն այցելեց սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանին և վարժարանի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանին:

 Նախարարը հետաքրքրվեց կենտրոնի գործունեությամբ, հաջողություններով ու խնդիրներով: «Մենք պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ձեր բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: Մշտապես կապի մեջ եղեք նախարարության հետ, մասնակցեք մեր ծրագրերին», – հավելեց նա:

Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, կրթական և այլ հարցերի վերաբերյալ իր մտահոգություններն ու անելիքները, պատմեց սահմանամերձ Չորաթան գյուղում բացված փոքրիկ կենտրոնի մասին, ուր հաճախում են գյուղի բոլոր երեխաները: Դասավանդվում է լեզու, երգ, պար, շախմատ, ասեղնագործություն և այլն:

 Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։

1990-ական թվականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրել է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանցել հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ 1994 թ. Երևանում բացվել է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։

Scroll Up