Սփյուռքի և կրթության նախարարությունների արձագանքը չուշացավ
Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Սումբատ Կյուրեղյանը նամակ էր գրել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին՝ 1997-2004թթ. պետական հավատարմագրում չունեցող Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի բազային բժշկական քոլեջի դիպլոմ ունեցող մի խումբ շրջանավարտների, որոնք աշխատում են մունիցիպալիտետի տարբեր գյուղերում, պետական նմուշի դիպլոմ տրամադրելու հարցում աջակցելու խնդրանքով: Նինոծմինդայի բնակիչները տեղեկացված չեն եղել ատեստավորման քննությունների հանձնման ժամկետների մասին, ինչի պատճառով աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնել:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, խնդրին ծանոթանալուց հետո ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը դիմել է Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին՝ քննարկելու բարձրացված հարցը:
Վերջինս դրական արձագանք է գտել նախարարությունում և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 27-ի «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» հրամանում, և պետական ամփոփիչ ատեստավորման գործընթացի կազմակերպումը երկարաձգվել է ևս մեկ տարով (2018/2019):
Սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Կրթության նախարարությանը՝ արագ արձագանքելու և հարցին դրական լուծում տալու համար: