Սպահանում բացվել է իրանահայ ռեժիսոր Զավեն Ղուկասյանի կիսանդրին
Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Սպահանում ծնված ու գործունեություն ծավալած հայ կինոքննադատ և ռեժիսոր, հանգուցյալ Զավեն Ղուկասյանի կիսանդրու բացումը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ ծրագիրը կազմակերպվել էր Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի քաղաքի Բարեզարդման կազմակերպության միջոցով` մանկապատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Միջոցառմանը ներկա էին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը, Սպահանի քաղաքապետ Նոռուզին և իրեն ուղեկցող պատվիրակությունը, քաղխորհրդի անդամները, թեմի Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսյանը, կինոթատրոնի բնագավառի անվանի դեմքեր, Զավեն Ղուկասյանի հարազատները, ընկերները, համագործակիցները, աշակերտները, մանկապատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի պատանի իրավարարներն ու լրագրողները և այլք:
Սպահանի քաղաքապետն այսպես բնութագրեց անվանի ռեժիսորին. «Զավենը Սպահանի կինոյի ինքնությունն էր. նա երբեք չլքեց իր քաղաքը: Նրա հիշատակը հավերժացել է Սպահանում և միշտ մնալու է որպես սիրված անձնավորություն»: Քաղաքապետն իր խոսքի շարունակության մեջ Սպահանը՝ քաղաքակրթության, մշակույթի և արվեստի կենտրոն համարելով` ավելացրեց. «Այս քաղաքը բարձր տարողություն ունի բոլոր բնագավառներում և փոքրամասնությունները համարվում են քաղաքի հարստություններից»:
Ելույթների ավարտին ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեջյանի, Սպահանի քաղաքապետ դոկտոր Նոռուզիի և Սպահանի քաղխորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ տիկին Ռոշանի կատարվեց Զավեն Ղուկասյանի արձանի հանդիսավոր բացումը:
Արձանի հեղինակն է Ջաֆար Նաջիբին: