Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 31­-ին ամերիկահայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:

«…Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Սա ինձ համար այնքան հիմնական է, որքան առաջին կայծը կյանքի: Ես ամեն բան պարտական եմ այն անպատմելիին, որ մեր յուրաքանչյուրի ներսում է, և որը գալիս է յուրաքանչյուրի կենտրոնից, և՛ ընտանիքի մի մասից, և՛ հողի մի մասից, և՛ մշակույթի մի մասից: Ես վատ ուսանող եմ: Ես մշակույթները չեմ իմանում պատմականորեն կամ ըստ գիտության, ես դրանք ապրելով եմ միայն ճանաչում: Ուրեմն, պատասխանս Ձեր հարցին պիտի լինի. իմ պարտքս Հայաստանի և հետևաբար բոլոր հայերի հանդեպ անհաշվելի, անչափելի է, վիթխարի է դա, այո, վիթխարի…»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Վիլյամ Սարոյանը:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…», լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին:

1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես` մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:

Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է:

Մահից առաջ կտակել է` իր աճյունի մի մասը պետք է թաղվի հայրենի հողում:

Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:

Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:

Scroll Up