Տպավորություններ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրից
Օգոստոսի 24-ին ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Վրաստանի ՀՕՄ-ի Վարչության, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնների տնօրինությունների ջանքերով ծրագրին մասնակցեցին կենտրոններից՝ 49 սան և անապահով ընտանիքներից՝ 10 պատանի։
Օգոստոսի 25-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում (ԱԵԿ) տեղի ունեցավ հանդիպում ծրագրին ջավախքցի մասնակիցներից մի քանիսի հետ, ովքեր պատմեցին իրենց ջերմ տպավորությունների մասին։ Ըստ ԱԵԿ-ի սան Ալբերտ Ալեքյանի ՝ ամենահիշարժանը եղել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան իրենց այցը, որտեղ մասնակիցներին ցուցադրել են ռազմական որոշ հնարքներ և հյուրասիրել զինվորական ճաշով։ Վելիխան Մինասյանի և նրա ընկերների համար ամենահիշարժան օրը Դիլիջան այցն էր, նրանք տպավորված էին բնության և հիշարժան վայրերի գեղեցկությամբ։ Դիաննա Գաբրիելյանը և Էմիլիա Արաբյանը 14 օրերի ընթացքում մնացել են հյուրընկալ ընտանիքում՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ և հոգատարությամբ։ Նրանց խոսքերով, հյուրընկալ ընտանիքի լավ վերաբերմունքն գերազանցել է իրենց սպասելիքները։ Աղջիկների համար ամենահիշարժան օրը Օշական այցելությունն էր, քանի որ նրանք առաջին անգամ են եղել այնտեղ և տեսել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն ու հայոց այբուբենի հուշակոթողը։ Ազատ ժամանակ հյուրընկալ ընտանիքը նրանց համար կազմակերպել է զբոսանքներ Երևանի տարբեր տեսարժան վայրերում և այգիներում։
Բոլոր մասնակիցներն էլ ծրագրի ամենամեծ ձեռքբերումն են համարում ծանոթությունը սփյուռքահայ պատանիների հետ և ամուր կապերի ստեղծումն ու պահպանումը հյուրընկալ ընտանիքների, ծրագրի կազմակերպիչների և իրենց ընկերների հետ։ Ծրագրի շրջանակներում եղել են հանդիպումներ ՀՀ սփյուռքի և պաշտպանության նախարարների հետ, այցելություններ ՀԲԸՄ վիրտուալ համալսարան, «Այբ» դպրոց և այլն։ Ճամբարային 3 օրերի ընթացքում կազմակերպվել են ինտելեկտուալ և մարզական խաղեր։ Մասնակիցներին հատկապես ոգևորել է օգօստոսի 23-ին՝ ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում եղել է նաև հարց ու պատասխան։
«Քայլ դեպի տուն» ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր։