ՏԱԳՆԱՊԸ ՀԱՍԱՎ ՍԻՐԻԱ, ԱՅՍԻՆՔՆ ՆԱԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Շուրջ 3 ամսից ի վեր արաբական երկրներում մոլեգնող պտտահողմը արդեն 3 շաբաթ է, որ անհանգիստ վիճակում է պահում նաեւ Սիրիային:
Անշուշտ, ինչպես արաբական երկրներից շատերում-—Թունիս, Եգիպտոս, Բահրեյն, Հորդանան, Մարոկկո, Եմեն ու Լիբիա-—Սիրիայում էլ կուտակված նմանատիպ շատ հարցեր կանՙ քաղաքական, սոցիալական եւ այլ բնույթի: Բայց ինչպես ասում են արեւմտյան քաղաքագետներըՙ անալոգիաները բնավ ամբողջությամբ իրար չեն համապատասխանում: Յուրաքանչյուր հեղափոխություն կամ հասարակական ընդվզում ունի իր եւ միայն իրեն հատուկ պատճառները, առաձնահատկությունները: Սիրիան արտաքին միջամտության համար ունի այլ «գրավչություն»: Արաբական աշխարհում Սիրիան այն միակն երկիրն է, որ 1948 թ.-ից ի վեր տեւական պատերազմական վիճակի մեջ է գտնվում Իսրայելի հետ, որը հաջորդական 4 պատերազմներից հետո դեռեւս գրավման տակ է պահում Գոլանի բարձրավանդակը: Երկրորդըՙ Արաբական աշխարհում Դամասկոսը Թեհրանի միակ բարեկամն է Իսրայելի դեմ իր պայքարում եւ ընդհանրապես: Ահա այս երկու հանգամանքները այդ երկիրը դարձնում են Իսրայելի ու նրա արեւմտյան դաշնակիցների համար գլխավոր թիրախ:
Հասարակական կարծիքը Հայաստանում ընդհանրապես տեղեկատվական առօրյա իր սնունդն ստանում է արեւմտյան աղբյուրներից, ավելի ճիշտՙ միջնորդավորված նրանցից: BBC, CNN, Euronews, «Ալ Ջազիրա» եւ մյուսները նման պարագաներում գրեթե միշտ կողմնակալ են եւ նպատակաուղղված, հետեւաբարՙ միակողմանի: Այդ միակողմանիության մեջ բնականաբար չի երեւում Սիրիայում վերջին 3 շաբաթներում պատահող խռովությունների լրիվ, ամբողջական պատկերը: Այդ երկրում ավելի քան 40 տարուց ի վեր ընդհատակյա գործում է «Մուսուլման եղբայրների» ամենակատաղի թեւերից մեկը, որին շուրջ 30 տարի առաջ դաժանորեն պատժեց հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադը: Այդ կազմակերպությունը հիմա ամենակատաղի հակառակորդն է նախագահ Բաշար Ասադին ու նրա իշխանությանը: Այս օրերին «Մուսուլման եղբայրները» շատ աշխույժ են ու վտանգավոր, մանավանդ որ զինված են ու հանդուգն: Երկրի տարբեր քաղաքներում նրանք իրականացնում են անվտանգության ուժերի դեմ զինյալ գործողություններ, հրահրում ազգաբնակչության մեջ գոյություն ունեցող ապրուստի եւ ազատությունների սահմանափակման դեմ բնական դժգոհությունները:
Իրերի այս կացության մեջ բնականաբար մեր առաջին մտահոգ հայացքը պետք է ուղղվի դեպի այս երկրում եւ հարեւան Լիբանանում ապրող (վերջինիս արդեն փխրուն վիճակը մեծապես կախյալ է առաջինի կացությունից) հայությանը: Սիրիահայությունը ներկա ռեժիմի պայմաններում հանգիստ եւ ապահով է զգում իրեն եւ ունի զարգացման հեռանկարներ թե՛ ազգային, թե՛ անհատական-տնտեսական առումով: Որեւէ փոփոխություն, մանավանդ կրոնական ֆունդամենտալիզմի դրսեւորմամբ, սպառնում է արտագաղթի մղել Հալեպի, Դամասկոսի, Քամիշլիի, Լաթաքիայի ու Քեսաբի հայությանը, ոչնչացնել հայաշունչ մեր ամենակարեւոր գաղթօջախներից մեկը, իր հերթին բոլորովին անորոշ ապագայի մատնելով հարեւան Լիբանանի հայագաղութըՙ սկսյալ սահմանագլխին գտնվող Այնճար հայկական գյուղից:
Երկրորդՙ տարածաշրջանում Սիրիան մեր երկրիՙ Հայաստանի հուսալի բարեկամներից է, որը լավ հարաբերություններից բացի միջազգային կազմակերպություններում բնավ չի քվեարկում մեր երկրի դեմ:
Երրորդՙ Սիրիայում որեւէ փոփոխություն, մանավանդ իսրայելական կամ արեւմտյան խարդավանքով, բերելու է Թեհրանի ազդեցության թուլացմանը այդ երկրում, ավելի լայն բացելով տարածքը թուրքական նորանոր ներթափանցումների առաջ, ինչը լրջագույն սպառնալիք է մեր երկրին տարածաշրջանային հարաբերությունների տեսակետից:
Իհարկե, ոչ Հայաստանը եւ ոչ էլ հայությունը ի վիճակի չեն ազդու ներգործություն ունենալ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրա: Սակայն կարող ենք բարոյապես զորակցել, ինչպես նաեւ ազգային շահերի գիտակցությամբ մոտենալ այնտեղ ծավալվող իրադարձություններին եւ այդ, միայն ա՛յդ տեսանկյունից գնահատել դրանք:
Պատրանքներ չունենանք. ողջ աշխարհը, ամենաթույլ երկրից մինչեւ ամենաուժեղը, ղեկավարվում են միայն իրենց ազգային շահերով: Մենք պետք է վարվենք նույնպես:
Մաղթենք, որ Սիրիայի իշխանություններին ի վերջո կհաջողվի հիմնարար բարեփոխումներով եւ միաժամանակ կարգուկանոնի եւ արդարության վերահաստատումով ներքին խաղաղությունը վերադարձնել այդ երկրին:
Հակոբ Ավետիքյան