ՏԱԳՆԱՊԸ ՀԱՍԱՒ ՍԻՐԻԱ, ԱՅՍԻՆՔՆ ՆԱԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՆԸ

Շուրջ 3 ամսից ի վեր արաբական երկրներում մոլեգնող պտտահողմը արդէն 3 շաբաթ է, որ անհանգիստ վիճակում է պահում նաեւ Սիրիային:

Դըրաայ, Լաթաքիայ, Բանիաս սիրիական քաղաքներից յետոյ խռովութիւնները երեքշաբթի օրը հասան նաեւ մինչ այդ հանդարտ ու հանգիստ Հալէպ հնագոյն քաղաքը, որտեղ մահմեդական ու քրիստոնեայ տարբեր համայնքների հետ ապրում են նաեւ մեր բազմահազար հայրենակիցնէր իրենց եկեղեցիներով, դպրոցներով, ազգային, մշակութային, բարեգործական հաստատութիւններով ու կազմակերպութիւններով: Ապրում են որպէս երկրի լիարժէք քաղաքացիներՙ սիրիական մշակոյթի ու տնտեսութեան մէջ իրենց կայուն ներդրումներով:

Անշուշտ, ինչպէս արաբական երկրներից շատերում-—Թունիս, Եգիպտոս, Բահրեյն, Յորդանան, Մարոկկոյ, Եմեն ու Լիբիա-—Սիրիայում էլ կուտակուած նմանատիպ շատ հարցեր կանՙ քաղաքական, սոցիալական եւ այլ բնոյթի: Բայց ինչպէս ասում են արեւմտեան քաղաքագէտներըՙ անալոգիաները բնաւ ամբողջութեամբ իրար չեն համապատասխանում: Իւրաքանչիւր յեղափոխութիւն կամ հասարակական ընդվզում ունի իր եւ միայն իրեն յատուկ պատճառները, առաձնայատկութիւնները: Սիրիան արտաքին միջամտութեան համար ունի այլ «գրաւչութիւնէ: Արաբական աշխարհում Սիրիան այն միակն երկիրն է, որ 1948 թ.-ից ի վեր տեւական պատերազմական վիճակի մէջ է գտնւում Իսրայէլի հետ, որը յաջորդական 4 պատերազմներից յետոյ դեռեւս գրաւման տակ է պահում Գոլանի բարձրաւանդակը: Երկրորդըՙ Արաբական աշխարհում Դամասկոսը Թեհրանի միակ բարեկամն է Իսրայէլի դէմ իր պայքարում եւ ընդհանրապէս: Ահա այս երկու հանգամանքները այդ երկիրը դարձնում են Իսրայէլի ու նրա արեւմտեան դաշնակիցների համար գլխաւոր թիրախ:

Հասարակական կարծիքը Հայաստանում ընդհանրապէս տեղեկատուական առօրեայ իր սնունդն ստանում է արեւմտեան աղբիւրներից, աւելի ճիշտՙ միջնորդաւորուած նրանցից: BBC, CNN, Euronews, «ալ Ջազիրաէ եւ միւսները նման պարագաներում գրեթէ միշտ կողմնակալ են եւ նպատակաուղղուած, հետեւաբարՙ միակողմանի: Այդ միակողմանիութեան մէջ բնականաբար չի երեւում Սիրիայում վերջին 3 շաբաթներում պատահող խռովութիւնների լրիւ, ամբողջական պատկերը: Այդ երկրում աւելի քան 40 տարուց ի վեր ընդյատակեայ գործում է «մուսուլման եղբայրներիէ ամենակատաղի թեւերից մէկը, որին շուրջ 30 տարի առաջ դաժանօրէն պատժեց հանգուցեալ նախագահ Հաֆեզ Ասադը: Այդ կազմակերպութիւնը հիմա ամենակատաղի հակառակորդն է նախագահ Բաշար Ասադին ու նրա իշխանութեանը: Այս օրերին «մուսուլման եղբայրներըէ շատ աշխոյժ են ու վտանգաւոր, մանաւանդ որ զինուած են ու յանդուգն: Երկրի տարբեր քաղաքներում նրանք իրականացնում են անվտանգութեան ուժերի դէմ զինեալ գործողութիւններ, հրահրում ազգաբնակչութեան մէջ գոյութիւն ունեցող ապրուստի եւ ազատութիւնների սահմանափակման դէմ բնական դժգոհութիւնները:

Իրերի այս կացութեան մէջ բնականաբար մեր առաջին մտահոգ հայեացքը պէտք է ուղղուի դէպի այս երկրում եւ հարեւան Լիբանանում ապրող (վերջինիս արդէն փխրուն վիճակը մեծապէս կախեալ է առաջինի կացութիւնից) հայութեանը: Սիրիահայութիւնը ներկայ ռեժիմի պայմաններում հանգիստ եւ ապահով է զգում իրեն եւ ունի զարգացման հեռանկարներ թէ՛ ազգային, թէ՛ անհատական-տնտեսական առումով: Որեւէ փոփոխութիւն, մանաւանդ կրօնական ֆունդամենտալիզմի դրսեւորմամբ, սպառնում է արտագաղթի մղել Հալէպի, Դամասկոսի, Քամիշլիի, Լաթաքիայի ու Քեսաբի հայութեանը, ոչնչացնել հայաշունչ մեր ամենակարեւոր գաղթօջախներից մէկը, իր հերթին բոլորովին անորոշ ապագայի մատնելով հարեւան Լիբանանի հայագաղութըՙ սկսեալ սահմանագլխին գտնուող Այնճար հայկական գիւղից:
Երկրորդՙ տարածաշրջանում Սիրիան մեր երկրիՙ Հայաստանի յուսալի բարեկամներից է, որը լաւ յարաբերութիւններից բացի միջազգային կազմակերպութիւններում բնաւ չի քուէարկում մեր երկրի դէմ:

Երրորդՙ Սիրիայում որեւէ փոփոխութիւն, մանաւանդ իսրայէլական կամ արեւմտեան խարդաւանքով, բերելու է Թեհրանի ազդեցութեան թուլացմանը այդ երկրում, աւելի լայն բացելով տարածքը թուրքական նորանոր ներթափանցումների առաջ, ինչը լրջագոյն սպառնալիք է մեր երկրին տարածաշրջանային յարաբերութիւնների տեսակէտից:

Ի հարկէ, ոչ Հայաստանը եւ ոչ էլ հայութիւնը ի վիճակի չեն ազդու ներգործութիւն ունենալ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրայ: Սակայն կարող ենք բարոյապէս զօրակցել, ինչպէս նաեւ ազգային շահերի գիտակցութեամբ մօտենալ այնտեղ ծաւալուող իրադարձութիւններին եւ այդ, միայն ա՛յդ տեսանկիւնից գնահատել դրանք:

Պատրանքներ չունենանք. ողջ աշխարհը, ամենաթոյլ երկրից մինչեւ ամենաուժեղը, ղեկավարւում են միայն իրենց ազգային շահերով: Մենք պէտք է վարուենք նոյնպէս:

Մաղթենք, որ Սիրիայի իշխանութիւններին ի վերջոյ կը յաջողուի հիմնարար բարեփոխումներով եւ միաժամանակ կարգուկանոնի եւ արդարութեան վերահաստատումով ներքին խաղաղութիւնը վերադարձնել այդ երկրին:

Յակոբ Աւետիքեան

Scroll Up