Հայկական մշակույթը կհանրահռչակվի Հարավային Ամերիկայում

Oգոստոսի 16-ին Բուենոս Այրեսի և օգոստոսի 22-ին Կորդոբայի արվեստի երեք համալսարաններում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ պետական մակարդակով հայ և օտար երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենան դասախոսություններ և վարպետության դասընթացներ՝ նվիրված հայկական ավանդական երաժշտական գործիքներին (դուդուկ, քանոն, թառ, բլուլ, շվի):

Հայաստանից հրավիրված են քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, թառահար Արմեն Եգանյանը, բլուլահար Լևոն Թևանյանը: Դուդուկի կատարումներով հանդես կգա արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ծրագրի նպատակն աշխարհի հետ մշակութային երկխոսության կամուրջ ստեղծելն ու Հարավային Ամերիկայում հայկական մշակույթի հանրահռչակումն է, ինչպես նաև Հայաստանը, որպես պատմական հնագույն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող պետություն, օտարների մոտ ավելի ճանաչելի դարձնելը: Դասախոսություններ են նախատեսվում անցկացնել նաև Ուրուգվայում և Չիլիում:

Կորդոբայի հնագույն «Բուեն Պաստոր» («Լավ հովիվ») կոչվող թանգարան-պատմամշակութային կենտրոնում կկայանա «Հայկական հազարամյա մշակույթը Արգենտինայում» խորագրով համերգը: Ելույթ կունենա նաև Կորդոբայի «Արարատ» պարախումբը (գեղ. ղեկավար Վերոնիկա Կարադախյան):

Ծրագրի ընդհանուր պատասխանատուն ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանն է, գեղարվեստական ղեկավարն ու կազմակերպիչը՝ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:

Scroll Up