Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել զինվորների մկրտություն. լուսանկարներ
Հուլիսի 30-ին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել Մատաղիսում ծառայող թվով 61 զինվորների մկրտության հանդիսավոր արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախագահ Ռամելա Դադայանն ասել է, որ իրենց խորհրդի հերթական հավաքին մտահղացավ գաղափար՝ զորամասերում սկսել չկնքված զինվորների մկրտության արարողություններ:
«Մեր մտահղացումը ներկայացրինք ԱԺ պատգամավորներին և հասարակության տարբեր խավերին: Արդյունքում բոլորը սկսեցին խրախուսել և աջակցել ծրագրի իրականացմանը: Այսօր զինվորներին կնքահայր լինելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ԱՀ ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Արարատ Օհանջանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վիլեն Սաֆարյանը, Գագիկ Բաղունցը, Արսեն Առստամյանը, արցախյան շարժման առաջամարտիկ Արկադի Կարապետյանը և ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Մեկնարկը տրվել է Մատաղիսի զորամասից, սակայն մեր աշխատանքը լինելու է շարունակական: Կարծում եմ՝ կլինեն այլ զինվորներ, ովքեր կցանկանան այդ աստվածահաճո միջոցառման մասնակիցը դառնալ»,- մասնավորապես նշել է Ռ. Դադայանը:
Նրա խոսքով՝ բացի կնքման արարողությունից, շատ կարևոր էր նաև, որպեսզի զինվորները ծանոթանան մշակութային կենտրոն Շուշիին:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են միջոցառման կազմակերպմանը: Մեր նպատակն է, որպեսզի զինվորներն ունենան հավատ առ Աստված և ժողովուրդ, հույս՝ հայրենիքի ու ապագայի նկատմամբ և սեր՝ մեկը մյուսի հանդեպ: Ամեն անգամ զորամասեր այցելելիս մենք ականատեսն ենք լինում զինվորների կողմից կառուցված մատուռներին, որտեղ նրանք աղոթում են՝ իրենց խնդրանքն ուղարկելով Աստծուն: Կարծում եմ՝ զինվորն իսկապես դրա կարիքը ունի»,- ավելացրել է Ռ. Դադայանը: