Մյունխենում պարի և մշակույթի հայկական կենտրոն է բացվել
Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնը բացվել է 2018 թվականի մարտի 8-ին, որի նպատակը Մյունխենում ապրող հայերի, հատկապես՝ երիտասարդների համար հայապահպանության, ազգային նկարագրի և ավանդույթների պահպանման, հայեցի կրթության և գեղագիտական դաստիարակության կազմակերպումն ապահովելն է:
Կենտրոնում գործում են հայկական ժողովրդական պարերի, հիփ-հոփի, նկարչության, հայոց լեզվի և գրականության, թատերական, ծնողների ջանքերով ստեղծված տիկնիկային թատրոնի խմբակներ, կազմակերպվում են զրույցներ աստվածաբանության և հայ ժողովրդի պատմության թեմաներով, գործում է մանկապարտեզ: Մշակութային կենտրոնում դասընթացները տեղի են ունենում շաբաթական մեկ օր, իսկ յուրաքանչյուր ամսվա որևէ կիրակի՝ հայտարարվում է մշակույթի բաց դռների օր, որի ժամանակ բոլորն ինքնարտահայտվելու հնարավորություն են ունենում:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, «Անուշ» պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանն ասաց, որ առաջին միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այդ օրն էլ աղուհացով կայացել է կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Մենք ամեն ինչ անում ենք՝ Մյունխենում ապրող հայ երեխաների հոգում հայրենասիրություն արթնացնելու, հայկական շնչով ապրելուն նպաստելու և Հայրենիքի հետ կապերը սերտացնելու համար: Մեր նպատակն է նաև հայկական մշակույթը ներկայացնել օտարներին՝ ցույց տալով, թե ինչպիսի հարուստ պատմություն ու արժեքներ ունենք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ կենտրոն այցելողների թիվը հասնում է շուրջ քառասունի, տարիքային սահմանափակում չկա:
Խոսելով ծավալած գործունեության մասին՝ Անուշ Չախալյանն ընդգծեց, որ հասցրել են կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք կատարել: Թավշյա հեղափոխությանը նվիրված «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում» խորագրով հանդիպում-քննարկում են կազմակերպել, պարախումբը մասնակցել է Բավարիայի «Մայիսյան ծառ»-ի տոնին, Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան կողմից հայտարարված «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշ-մոբին, aad.am կայքի կազմակերպած՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին նվիրված բարեգործական նախաձեռնությանը, Մյունխենի ամենամյա մշակույթի միջազգային փառատոնին, մաս են կազմել համայնքային միջոցառումներին՝ Մյունխենի հայ համայնքի մատաղօրհնությանը և Սբ. Աննա եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված հուշ-երեկոյին:
«Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում մեծ շուքով նշել են նաև Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակը, արդեն նախապատրաստական աշխատանքներ են տանում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Անուշ Չախալյանը կարևոր իրադարձություն է համարում հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացրած «Սփյուռքի հայ համայնքների պարախմբերի» համերգին իր սանի հետ մասնակցությունը, քանի որ ամեն անգամ հայրենի հողի վրա ելույթ ունենալիս՝ անասելի ապրումներ է ունենում:
«Առանձնահատուկ գորովանքով պետք է խոսեմ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում կայացած «Ջիվանու օր» ամենամյա տոնակատարության ժամանակ ելույթ ունենալու մասին: Լինելով Ջավախք աշխարհի զավակ՝ (հայրիկի ծննդավայրն է-հեղ.) հպարտությունս և հուզմունքս միախառնվել էին իրար, երբ հնարավորություն ստացա հայկական մշակույթը ներկայացնել այնտեղ»,-զրույցն ամփոփեց Անուշ Չախալյանը:
Գևորգ Չիչյան