Մարսելից Երևան՝ վազքով. լեռնագնաց Արա Խաչադուրյանը կժամանի Հայաստան

2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50կմ և անցնելով 8 երկիր և 150 քաղաք՝ Արա Խաչադուրյանը կեզրափակի իր խաղաղության մարաթոնը Երևանում:
Հուլիսի 18-ին Արա Խաչադուրյանը կհասնի Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ժամը 13:00-ին նրան կդիմավորեն մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարզիկներ ու բազմաթիվ գյումրեցիներ: Վազորդները և բոլոր ցանկացողները կարող են միանալ Արային Գյումրիում՝ նրա հետ շարունակելու խաղաղության վազքը մինչև Երևան:
Երևանում վազորդները Արային կմիանան Մարզահամերգային համալիրի դիմացից, հուլիսի 21-ին, ժամը՝ 10:00-ին՝ նրա հետ վազելով ավարտին հասցնելու այս խորհրդանշական երթը 11:00-ին Հանրապետության հրապարակում:
Հանրապետության հրապարակից Խաղաղության մարաթոնին միացածները ևերկրպագուները նախարարի ուղեկցությամբ կշարժվեն դեպի ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի (2/2 Մելիք-Ադամյան փ., 2-րդ հարկ), ուր 12:00-ին կկազմակերպվի ընդունելություն:
Հյուրասիրության շուրջ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու և զրուցելու անվանի մարզիկի հետ: