«Կռունկ» պարախմբի տարեկան համերգը Նոր Ջուղայում
Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Մշակութային միավորի «Կռունկ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար, պարուսույց Նունե Մկրտչյան) հուլիսի 4-ին նույն միության հանդիսությունների դահլիճում ներկայացավ տարեկան համերգով:
Երեկոյի մեկնարկը տրվեց պարախմբի կրտսեր սաների կատարմամբ` «Դե ժպտա» մանկական պարի աշխույժ ու հետաքրքիր բեմադրությամբ, որից հետո ներկաներին ողջունեցին շնորհալի հանդիսավարուհիներ Սոսե Ասատրյանն ու Լիանա Ղազարյանը, ովքեր բացման խոսքից հետո հակիրճ անդրադարձան 25-ամյա «Կռունկ» համույթի հիմնադրման պատմությանն ու կենսագրական գծերով ներկայացրեցին խմբի պարուսույցին և գեղարվեստական ղեկավարին: Համերգը շարունակվեց «Կռունկ»-ի ավագ և պատանեկան խմբերի կատարմամբ` «Գորանի» և «Էրզրումի շորոր» հեզաճկուն պարերով:
Երեկոյի ընթացքում «Կռունկ» պարախումբն ու կրտսեր, պատանի և միջին դասարանի սաները ելույթ ունեցան հայկական, օտար ազգերի և ժամանակակից պարային համարներով, որոնք ընդմիջվեցին «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ` Ալինա Տեր-Սուքիասյանի, Լեռնիկ Ծատուրյանի և Վանե Հարությունյանի ասմունքների անզուգական կատարմամբ` Ռիմա Սիմոնյանի պատասխանատվությամբ: Մենապարերով հանդես եկան Սյունե Շահիջանյանը և Նազե Ասատրյանը, որոնք արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին ու գնահատանքին:
Համերգի վերջին համարը «Սասունի» պարն էր, որի ավարտին բեմ հրավիրվեցին համերգին մասնակիցներն ու պարուսույց Նունե Մկրտչյանը, որոնց Մշակութային միավորի վարչությունը, որպես շնորհակալություն, նվիրեց ծաղկեփունջ:
Նշելի է, որ համույթի բարձրորակ ելույթին զուգահեռ` մեծ գնահատանքի է արժանի փոքրիկ տղաների ներկայությունը, որի բացը նախորդ շրջանների համերգներում խիստ զգալի էր, նաև այն, որ ինչպես հաղորդավարը նշեց` «Սփյուռում ավելի քան 70 անդամ-անդամուհիներ համախմբելը և մշակութային ձեռնարկ իրականացնել, իսկապես, հերոսություն է, ինչը վկայում է Նունե Մկրտչյանի տքնաջան աշխատանքի, միության պատասխանատուների, միութենականների ու ծնողների համատեղ ջանքերի ու միասնականության մասին»:
Համերգային երեկոյին ներկա էին ազգային մարմինների, քահանայից դասի և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ու «Կռունկ» համույթի հավատարիմ հանդիսատեսը:
Երանուշ Թահմազյան
Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության թղթակից
Լուսանկարները՝ Գևիկ Խաչատրյանի