Սիրիայում է գտնվում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը

Այս օրերին Սիրիայում է գտնվում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին փոխանցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում հուլիսի 9-ին պատվիրակության անդամները հյուպատոսի ուղեկցությամբ այցելել են Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), որտեղ նրանց ընդունել են Շրջանակային հանձնախմբի անդամները՝ ատենապետ Ներսես Ներսոյանի գլխավորությամբ: Այնուհետև տեղի է ունեցել ժողովրդային հանդիպում, որտեղ քննարկվել են Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման և Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր: Երեկոյան պատվիրակության համար կազմակերպվել է հյուրասիրություն:

Հուլիսի 10-ին Հայաստանի զինված ուժերի պատվիրակությունը Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է պատերազմի ժամանակ ավերված Թեքեյան մշակութային կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է Թեքեյան մշակութային միության ատենապետ Կարապետ Շուշանյանը: Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել մոտ ապագայում կենտրոնի վերականգնման աշխատանքները սկսելուն:

Նույն օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Կիլիկյան կրթական հաստատության վարժարան, որտեղ հյուրերին ընդունել են վարժարանի ՍԴՀԿ Խնամակալ մարմնի անդամները: Այնուհետև տեղի է ունեցել պաշտոնական դիմավորում:  ՀՄՄ-ի փողերախումբը կատարել է հայկական և սիրիական քայլերգեր:

Հայ սպաները այցելել են նաև պատերազմի ժամանակ վնասված վարժարանի մանկապարտեզի և նախակրթարանի մասնաշենքեր, որտեղ քննարկվել է կառույցների վերականգնմանն առնչվող հարցեր:

Հուլիսի 11-ին պատվիրակությունը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ մեկնել է Լաթաքիա:

Scroll Up