Սփյուռքի նախարարն ընդունեց Ալմելոյի քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոբին Հայկ Գելիջիին

Հուլիսի 6-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ալմելոյի (Նիդերլանդներ) քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոբին Հայկ Գելիջիին:

Պարոն Գելիջին նախարարին պատմեց Հայաստանում ունեցած իր այցերի և հանդիպումների մասին, անդրադարձավ նաև Ալմելոյի հայ համայնքի ակտիվությանը: «Ես շատ կցանկանայի, որ համայնքն ակտիվություն ցուցաբերեր նաև քաղաքականության մեջ, այդպիսով մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել նոր Հայաստանին»,- նկատեց երիտասարդ պատգամավորը:

Պատգամավորը խոսեց նաև հայ գործարարների մասին, որոնք արդեն մտածում են հայրենիքում ներդրումների և բիզնես հիմնելու մասին: Այս առիթով նախարարը նշեց. «Ներկայումս ակտիվ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, և մեր նպատակն է մեր հայրենակիցների համար ոչ միայն խոչընդոտներ չստեղծել, այլև հնարավորության դեպքում աջակցել ձեզ»:

Մխիթար Հայրապետյանն ավելացրեց, որ այսուհետև յուրաքանչյուր գործարար կարող է Հայաստանում ոչ միայն բիզնես ստեղծել, այլև իրեն պաշտպանված զգալ:

Ռոբին Հայկ Գելիջին Ալմելոյում ճանաչված գործարար և բարերար Օնիկ Գելիջիի որդին է: Նրանց ընտանիքը տարիներ շարունակ հովանավորում է տեղի հայկական մեկօրյա դպրոցին և եկեղեցուն, ինչպես նաև բազմաթիվ հայկական մշակութային միջոցառումներ: Նրանց ընտանիքի հովանավորությամբ Ալմելոյում 2015թ. բացվել է Եվրոպայում հայկական ամենամեծ հուշահամալիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (բաղկացած է 16 խաչքարից):

Scroll Up