Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել հայկական արտադրանքից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ: «Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,– ասել է վարչապետը: