Անդրանիկ Խեչումյան. հայ-իրանական բարեկամության դրոշակիր

Հուլիսի 1-ին Թեհրանի հանրահայտ օրաթերթերից՝ «Էթեմադ»-ը, հետաքրքիր մի հարցազրույց է ունեցել իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան Անդրանիկ Խեչումյանի հետ, որը կարևոր է իր բովանդակությամբ՝ որպես հայ-իրանական բարեկամության փաստաթուղթ:
«Թեև երկու ժողովուրդների բարեկամությունը շատ խոր արմատներ ունի, բայց, դժբախտաբար, քիչ է այն արտացոլված գրականության մեջ և այդ աշխատանքը իրականացնելը մեր պարտքն է»,- զրույցում ասել է պարոն Խեչումյանը և հավելել, որ «Արվեստն ու գրականությունն են կարող փրկել աշխարհը»:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արաքս» շաբաթաթերթից, ակնարկելով հայ գրականության երևելիների անունները, Խեչումյանը նշում է, որ Խորհրդային ժամանաշրջանում հայ գրականությունը մեծ վերեք է ապրել և ընդամենը երեք միլիոնանոց երկրում արժանի գրքերի տպաքանակը 50-70 հազարի է հասել:
Խեչումյանն իր զրույցում հիշատակել է նաև նրանց անունները, ովքեր ցայժմ որոշակի ներդրում են ունեցել հայ-իրանական գրականությունը երկուստեք ծանոթացնելու գործում, ի մասնավորի հիշատակելով՝ Ահմադ Նուրիզադեի, Ազատ Մաթյանի, Էդվարդ Հախվերդյանի, Գևորգ Ասատրյանի և այլոց անունները:
Խեչումյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նաև նրանց, ովքեր խորհուրդներով և գործունեությամբ զորակցել են իրեն՝ այդ շարքում հիշելով Անդրանիկ Սիմոնյանի և «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի անունները:
Հիշատակենք, որ Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերեն է թարգմանել ու հրատարակության հանձնել 36 պիես, 13 վեպ և երկու երկ, որոնք միատեղվել են 35 անուն գրքում, ընդ որում՝ երեքը Երվանդ Օտյանից՝ «Ընկեր Փանջունի»-ն, «Թաղականին կնիկը» և «Անիծյալ Տարիներ»-ը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Աշոտ Աղաբաբյանի «Մենակը», Աբիգ Ավագյանի «Հարավային տենդ»-ը, Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», պատմվածքներ Գուրգեն Խանջյանից, երկեր՝ Էդվարդ Միլիտոնյանից և Լիբարիտ Սարգսյանից ու նաև մի շարք պիեսներ, վեպեր և պատմվածքներ, որոցից մի քանիսը, պարսիկ ընթերցողի կողմից ընդառաջվելու հետևանքով, երկրորդ և երրորդ տպագրությանն են արժանացել:
Խեչումյանը թարգմանություններ է կատարել նաև պարսկերենից հայերեն՝ Աբբաս Ջահանգիրիանից «Համունը և Ծովը» պատմավածքը և հինգ պիես Բահրամ Բեյզայիից, Էսմայիլ Շաֆիյիից, Ռահմաթ Ամինիից և ուրիշներից: