Ախալցխայի հայկական Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են այցելել Թբիլիսիի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողները
Հունիսի 23-ին Ախալցխայի հայկական Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են այցելել Թբիլիսիի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողները։ Ուխտավորները եկեղեցում հանդիպել են Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանին, քահանա տեր Թորգոմ Վարդանյանին եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի անդամներին, գրում է akhaltskha.net-ը։
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը եւ Վրաստանում հայկական եկեղեցուն հուզող բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել եկեղեցիների գրանցման խնդրին եւ վիճելի համարվող եկեղեցիների հարցին։ Հայ հոգեւորականների կողմից հատուկ ընդգծվել է հայ եւ վրաց ժողովրդի բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման կարեւորությունը։
Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ են իրենց հարցերը ուղղել հայ հոգեւորականներին եւ ամեն հարցի ստացել պատշաճ պատասխան։