«Հրաժեշտից հետո» Հայրենիքում. Պետիկ Հերկելյան

Օ, ներեցե´ք, ընկերներ,

Որ վերստին պիտի մեկնիմ ձեր աշխարհեն․

Իմ աշխարհի տերերն անտեր

Կստիպեն որ աճապարեմ։

Պ. Հերկելյան

Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հունիսի 12-ին տեղի ունեցավ լիբանանահայ նշանավոր բանաստեղծ Պետիկ Հերկելյանին (1954-1987թթ.) նվիրված «Հրաժեշտից հետո» խորագրով գրական-երաժշտական ձեռնարկը, որին ներկա էին գրողներ, գրականագետներ, մտավորականներ, բանաստեղծի ընտանիքի անդամներն ու ընկերները։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, միջոցառման ընթացքում Պետիկ Հերկելյան բանաստեղծի մասին մեծարանքի խոսքեր ասացին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և գրականագետ Ալիկ Թոփչյանը։ Վերջինս անդրադարձավ վաղամեռիկ բանաստեղծի ծավալած գրական գործունեությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հերկելյանի «Եուհու» քաղաքական-երգիծական վիպակին։

Իր խոսքում Ալիկ Թոփչյանը կարևորեց նաև այն, որ այս ձեռնարկով Սփյուռքում մեծ համբավ ունեցող գրողը ճանաչելի է դառնում նաև հայաստանյան գրական միջավայրում։ Գրականագետը խոսեց նաև Պետիկ Հերկելյանի լիակատար ժողովածուի տպագրության անհրաժեշտության մասին։

Ձեռնարկի ընթացքում լիբանանահայ բանաստեղծի ստեղծագործություններից ընթերցեցին դերասանուհիներ Անահիտ Թոփչյանն ու Հասմիկ Տեր-Կարապետյանը, ինչպես նաև Աննա Սարաջյանը, որից հետո տեղի ունեցավ «Հրաժեշտից հետո» կենսագրական տեսաֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Պետիկ Հերկելյանին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Ելույթ ունեցան նաև Պետիկ Հերկելյանի ընկերներից մի քանիսը՝ իրենց սրտի խոսքն ասելով Հերկելյան բանաստեղծի և ընկերոջ մասին։

 

Scroll Up