Սփյուռքը Հայաստանի տրոփուն ու զգայուն զարկերակն է.Սիլվա Յուզբաշյան

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, հունիսի 12-ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության հովանավորությամբ և Լոս Անջելեսի Իրանահայ միության «Լուտովիկա և Հակոբ Այնթափլյան» կրթական մշակութային կենտրոնի գրական հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի գրական-գեղարվեստական  երեկոն՝ նվիրված Վահագն Դավթյանի ծննդյան 95-ամյակին և Համո Սահյանի մահվան 25-րդ տարելիցին: Ասմունքից բացի, նա հանդիսատեսին ներկայացրել է նաև վերհուշեր, հետաքրքիր դրվագներ մեծանուն բանաստեղծների կյանքից:

Շնորհակալություն հայտնելով երեկոյի կազմակերպիչներին և ամերիկահայ հանդիսատեսին ջերմ ընդունելության համար՝ Սիլվա Յուզբաշյանն իր տպավորությունների մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելինե՛րս, ձեր աչքերի ժպիտն ու թախիծը, կարոտն ու ջերմությունը հոգումս առած՝ մի քանի օրից կվերադառնամ տուն: Նորից համոզվեցի, որ այսօրվա Սփյուռքը Հայաստանի տրոփուն ու զգայուն զարկերակն է, ամեն անգամ Սփյուռքի դահլիճներում ելույթներիցս հետո նույն հարցն եմ ինքս ինձ տալիս՝ արդյոք կա՞ մեկ այլ ժողովուրդ, որ լեցուն սրահում, ժամերով համակ լսողություն դարձած, բեմում միայնակ կանգնած՝ ասացողի շուրթերից արձակ և բանաստեղծական խոսք լսի․․․»:

Scroll Up