«Անչափ կարևորում եմ լրագրողների համաժողովների կազմակերպումը». Դիանա Տեր-Կարապետյան
Բուենոս Այրեսի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը Հայաստան էր այցելել՝ արգենտինահայ ուխտավորների հետ ներկա գտնվելու Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին, շրջագայելու Հայաստանի տեսարժան վայրերով, ապա մայիսի 30-ից հունիսի 1-ը մասնակցելու Սփյուռքի նախարարության «Հայոց պետականությունը և հայ լրագրությունը» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:
«Նախարարության հետ սերտ կապի մեջ լինելով՝ անչափ կարևորում եմ այսպիսի համաժողովների կազմակերպումը, քանի որ բացի Հայրենիք այցելելուց, նաև նոր ծանոթություններ հաստատելու, գործընկերներով ոլորտին առնչվող հարցեր քննարկելու և հետագա համագործակցության ուղիներ փնտրելու հնարավորություն ենք ունենում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց գլխավոր խմբագիրը:
Համաժողովի ընթացքում իր զեկույցում անդրադառնալով արգենտինահայ տպագիր մամուլի հիմնախնդիրներին՝ Դիանա Տեր-Կարապետյանը շեշտել է, որ համացանցային այս դարաշրջանում, չնայած առկա դժվարություններին, նա առանց վհատվելու առաջ է տանում իր աշխատանքները՝ Սփյուռքում նպաստելով հայապահպանությանը:
Հավելենք, որ «Սարդարապատ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1975թվականին՝ իբրև երկշաբաթաթերթ, իսկ արդեն 1980 թվականից հետո վերածվել է շաբաթաթերթի: Այն Ռամկավար ազատական կուսակցության «Թեքեյան» մշակութային միության պաշտոնաթերթն է:
Թերթը ստեղծել է ՌԱԿ հիմնադիրներից Նահապետ Նահապետյանը, ով իր գործունեության տարիների ընթացքում մեծ նվիրումով և սրտացավորեն է աշխատել: