«Արի տուն». ուղևորություն դեպի հայրենիք

2017-2018 ուսումնական տարվա սկզբում Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում հայտարարվեց «Արի տուն» հայագիտական ինտելեկտուալ խաղ-մրցույթի մասին: Նշվեց, որ  մրցույթի երեք փուլերում ամենաշատ միավորներ հավաքած աշակերտը կստանա ուղեգիր՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է մշակութային կենտրոնի ղեկավար Ռուզաննա Դանիելյանը, հայկական դպրոցի աշակերտները մեծ ջանասիրությամբ ձեռնամուխ եղան մրցույթին պատրաստվելու և նրան մասնակցելու աշխատանքներին: Նրանք ուժ  ու եռանդ չխնայեցին և ողջ ուսումնական տարվա ընթացքում մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ հաճախեցին հայկական մշակույթի կենտրոնի հայերենի, հայոց պատմության ու հայրենագիտության դասընթացներին, փորձված մանկավարժների օգնությամբ հարստացրին գիտելիքների իրենց պաշարները և մեծ խանդավառությամբ մասնակցեցին մրցույթի առաջին և երկրորդ փուլերին:

Առաջինը, որը կոչվեց պարզապես «Ասմունքի մրցույթ», անցավ փետրվարի 24-ին: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնեցին մշակույթի կենտրոնի 23 աշակերտներ՝ տարբեր տարիքային խմբերից: Նրանք ցուցադրեցին իրենց կարողությունները և հմտությունները հայ գրականությունից, որոնք արտահայտվում էին արտահայտիչ արտասանությամբ, հայ խոսքի գրագետ և ճշգրիտ արտասանությամբ: Ժյուրիի կողմից գնահատվեց նաև նրանց դերասանական արվեստը և լրացուցիչ տեղեկությունները բանաստեղծությունների հեղինակների՝ հայ մեծանուն բանաստեղծների վերաբերյալ:

Երկրորդ փուլը՝ «Ճանաչիր Հայրենիքդ» հայագիտական մրցույթն անցկացվեց ապրիլի 8-ին՝ գրավոր տեստերի ձևով: Երեխաները ներկայացված չորս պատասխանից ընտրում էին ճիշտ տարբերակը: Գրավոր ստուգողական աշխատանքին մասնակցեցին 21 աշակերտ:  Արդյունքները բավականին գոհացուցիչ էին, և դա արդյունքն էր մշակույթի կենտրոնի փորձառու մանկավարժներ Ալվան Պողոսյանի, Մանուշակ Համբարյանի պատասխանատու աշխատանքի, ում  ներդրած մեծ ջանքերի շնորհիվ հայագիտական առարկաների դասերին մասնակցելու ցանկություն հայտնեցին ավելի մեծ թվով աշակերտներ: Նրանք իրենց   կիրառած մանկավարժական մեթոդներով զարգացնում են  երեխաների մտավոր հնարավորությունները և  դասերը  կազմակերպում աննախադեպ հետաքրքիր, հետաքրքրաշարժ, որի ընթացքում ստացած գիտելիքները մեր մասնակիցները երրորդ փուլում ներկայացրեցին  ժյուրիի գնահատանքին:

Մայիսի 27-ին անցկացվեց մրցույթի երրորդ փուլը՝ «Հայ գիտակ» խորագրով: Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Մրցույթը կազմակերպված էր բարձր մակարդակով, հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Էկրանի վրա նկարազարդ այբուբենը ծառայում էր որպես առաջադրված հարցերի ծածկագիր: Եզրափակիչ փուլ անցած ութ աշակերտներն էլ ակտիվորեն պատասխանում էին հարցերին, կատարում լրացումներ, որի շնորհիվ էլ ժյուրիի միաձայն որոշմամբ և բարերարներ՝ Ս. Ստեփանյանի, Ա. Հովեյանի հովանավորությամբ բոլոր մասնակիցները ստացան ուղեգրեր մեկնելու հայենիք՝ մասնակցելու «Արի տուն» ծրագրին:

Scroll Up