Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Թեհրանում
Մայիսի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված համայնքային խոշոր միջոցառում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախաձեռնության շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպումներ ունեցավ «Մարի Մանուկյան» միջնակարգ և «Գյուլբենկյան» տարրական դպրոցների տնօրինության, ուսուցչական կազմի, աշակերտների և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Իրանի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ:
Միջոցառման ընթացքում «Գյուլբենկյան» դպրոցի սաները հանդես եկան համերգային ծրագրով, որի ավարտին դեսպան Թումանյանը շնորհավորական խոսքեր հնչեցրեց և մասնակցեց հասարակական և մարզական ակտիվությամբ աչքի ընկած աշակերտներին պատվոգրեր հանձնելու արարողությանը:
Դեսպան Թումանյանը «Մարի Մանուկյան» դպրոցում նաև ներկա գտնվեց քննությունների անցկացմանը:
ՀԲԸՄ Իրանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ օրվա առիթով մտքերի փոխանակություն և դեսպան Թումանյանը հանդես եկավ ելույթով: