Արգենտինայի հայկական մշակութային միությունները նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը

Մայիսը մեր համայն ժողովրդի համար հաղթական ամիս է և պատահական չէ, որ մայիսի 11-ին արգենտինահայ գաղութի  երկու մշակութային միություններ՝ Արգենտինահայ մշակութային միությունը և «Շարժում» մշակութային միությունը, համատեղ նշեցին Սարդարապատի հաղթանակի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Միջոցառումը կազմակերպվեց «Շարժում» մշակութային կենտրոնի սրահում, ուր օրվա թեմայով հանդես եկան Հնչակյան կուսակցության անդամ, իրավաբան Տաթև Ասիլյանը, ՀԲԸՄ-ի Մարի Մանուկյան վարժարանի նախկին տնօրեն Ադոլֆո Քութուջյանը և սոցիոլոգ, Արգենտինահայ մշակութային միության անդամ Գաբրիել Սիվինյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, երեք զեկուցումներն էլ լսվեցին համակ ուշադրությամբ՝ արժևորելով հանդես եկողների կողմից ներկայացվող նյութի հետաքրքիր ու մատչելի իրողությունը:

Հաղթանակների մասին միայն զեկուցումները, առանց երգ ու պարի, արվեստի համ ու հոտի բավարար չէին լինի, ուստի մայիսի 24-ին հայ կաթողիկե «Նարեկ» սրահում երկու մշակութային միությունների նախաձեռնությամբ ավելի քան 250 հանդիսատես վայելեցին Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբի և Անդրես Իստեփյանյանի ղեկավարած հայկական նվագախմբի ելույթը, ինչպես նաև երգիչներ Փաբլո Կույումջյանի, Միրթա Սաթջյանի, Սերխիո Չապրասյանի, դաշնակահար Մխիթար Կուլուզյանի վարպետ կատարումները:

Համերգի ավարտին երեկոյի խոսնակ Իվան Պիսեգլիա Լոմլոմջյանը հրապարակեց Արգենտինահայ մշակութային Միության և «Շարժում» մշակութային միության համատեղ հայտարարությունը՝ նվիրված Սարտարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Այս փառապանծ պատմական հաղթանակներն ապահովվել են անառարկելի փաստի շնորհիվ. միասնականություն, միաբանություն, ազգային գաղափարի շուրջ հավաքվելու կարողություն:

Անշուշտ, եղել են ու կան հաղթանակները սեփականաշնորհելու փաստեր, սակայն պատմությունը իր խոսքն ասել է և դեռ կասի, բնությունն էլ մեկ ծաղկով գարուն չի բերում, մեր փրկությունն  էլ մեր հավաքական ուժի մեջ է:

Համատեղ հայտարարության ավարտին գաղութի առաջադիմական և ձախակողմյան հատվածի ներկայացուցիչ կազմակերպություններն ընդգծում են. «…Մենք Փարամազի, 20 կախաղանների հետնորդներն ենք, Մյասնիկյանի, Շահումյանի և Կամոյի ժառանգներն ենք, զորավար Անդրանիկի, Հայկ Բժշկյանցի, Մարոյի և մարշալ Բաղրամյանի հետնորդներն ենք և պայքարում ենք ու կտեսնենք ազատ, սոցիալիստական Հայաստան»:

Scroll Up