Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն Վիեննայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/viena.jpg)
Մայիսի 28-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ավստրիացի հասարակական, մշակութային ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառման պաշտոնական մասը բացվեց Մխիթարյան միաբանության թանգարանում գրեթե մեկ դար պահպանվող Հայաստանի Հանրապետության դրոշի մեծարման արարողությամբ: Ապա Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս արքեպիսկոպոս Կոջանյանի գլխավորությամբ հոգևոր դասի մատուցմամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության համատեղ օրհնության արարողություն:
Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, որն անդրադարձավ ուղիղ մեկ դար առաջ Հայաստանի ժողովրդի սխրագործությանը, հասարակության բոլոր շերտերի զարմանալի միասնականությանը որոնց շնորհիվ ոչ միայն թշնամուն արժանի հակահարված հասցվեց, այլև հնարավոր դարձավ պետականության վերականգնումը:
ՀՀ դեսպանը երախտագիտության խոսքեր արտահայտեց երկու դար շարունակ Մխիթարյան հայրերի կողմից հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու, հայոց պետականության կողքին մշտապես կանգնած լինելու համար, ինչպես նաև անդրադարձավ 1918-1921թթ. պաշտոնական Երևանի ու Վիեննայի միջև տեղի ունեցած դիվանագիտական շփումներին:
Խոսքով հանդես եկան նաև Ավստրիայի դաշնային խորհդրարանի անդամներ՝ Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը և խմբի անդամ Ռայնհոլդ Լոպատկան, որոնք անդրադարձան հայ-ավստրիական դարավոր շփումներին և երկու ժողովուրդների միջև հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը, ընդգծելով, որ չնայած Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրում Ավստրո-Հունգարիայի խաղացած դերին, Ավստրիայի խորհրդարանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի երկու ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերություններն ու համագործակցությունը էլ ավելի ամրապնդվի և խորանա:
Պաշտոնական ելույթներից հետո հնչեցին հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների գործերը՝ Վիեննայում համերգներով գտնվող Հայաստանի պատանի երաժիշտների կատարմամբ:
Միջոցառման ավարտին Ավստրիայում ՀՀ դեսպանության հյուրերի համար տրվեց պաշտոնական ընդունելություն: Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան առաջին անգամ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ Մխիթարյան միաբանության թանգարանում դեսպանության կողմից կազմակերպած «Հայաստան-Ավստրիա՝ պաշտոնական շփումներ 1918-1921թթ.» ցուցահանդեսի նյութերին: