Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի հերթական դրամական օժանդակությունը Արցախին

Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի տնօրեն Ալինե Դուրյանի գլխավորությամբ շուրջ 70 աշակերտներ և ուսուցիչներ հերթական անգամ ժամանել են Արցախ և սպորտի զարգացման ուղղված ծրագրերի իրականացման համար ցուցաբերել դրամական օժանդակություն:
Ստեփանակերտի Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող մինի ֆուտբոլի խաղադաշտի տարածքում Ալինե Դուրյանը վարժարանի աշակերտների ուժերով հավաքագրած գումարները հանձնել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Շավարշ Սարգսյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալինե Դուրյանն ասել է, որ իրենք վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների հետ ամեն տարի այցելում են Արցախ և Հայաստան, իրականացնում տարբեր բարեգործական ծրագրեր:
«Աշակերտների ցանկությամբ և նախաձեռնությամբ այս անգամ մեր դրամահավաքն ուղղված է լինելու Ստեփանակերտի Անդրանիկ Օզանյանի անվան փողոցի մինի ֆուտբոլի խաղադաշտի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին»,-նշել է վարժարանի տնօրենը:
Խոսելով Արցախում իրականացվող այլ ծրագրերի մասին՝ նա տեղեկացրել է, որ իրենք 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության ձևով ևս օժանդակություն են ցուցաբերում. գործընթացն արդեն սկսվել է: Զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով իրենք Արցախում և Հայաստանում այցելում են նաև այդ ընտանիքներ:
«Մեր նվիրատվությունները մենք շատ քիչ ենք համարում, քանի որ մեր զինվորները մեծ զոհողությունների գնով են հայրենիքի սահմանները անառիկ պահում»,-հավելել է մեր զրուցակիցը:
Ա. Դուրյանն ասել է, որ իրենց բարեգործական ծրագրերը լինելու են շարունակական:
Վարժարանի աշակերտները մեզ հետ զրույցում անթաքույց հպարտությամբ են իրենց մեծ սերն ու գոհունակությունը հայտնել Արցախի հերոսական ժողովրդի մասին. նրանք ամեն հարցում պատրաստ են սատարելու արցախցիներին:
Վարժարանի աշակերտ Արա Յակուբյանն ասել է, որ վարժարանի աշակերտներն արդեն 20 տարուց ավելի է, ինչ ուխտագնացություն են իրականացնում դեպի Արցախ և Հայաստան:
«Մենք պարտավոր ենք հաճախ լինել ազատ և անկախ Արցախում և մայր Հայաստանում: Զոհված զինծառայողների ընտանիքներին մեր այցելություններն ու օգնությունները մեզ համար սուրբ պարտականություններ են: Արցախը սքանչելի երկիր է, բայց այստեղ դեռ շատ անելիքներ կան: Մենք պատրաստ ենք լծվել նաև հայրենիքի շենացման աշխատանքներին»,-հավելել է Ա. Յակուբյանը:
Իսկ Մայքլ Մարտիրոսյանի խոսքով էլ իրենց այցելություններով իրենք ավելի են ամրապնդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կապը: Նա ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում և բավականին տպավորված է տեսածից:
«Ես ավելի ներշնչված եմ Արցախը պաշտպանող զինվորներով: Մենք ևս պատրաստ ենք գալ Արցախ ծառայել և պայքարել հանուն Արցախի»,-ասել է վարժարանի աշակերտը:
Նշենք, որ Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանը հիմնվել է 1970 թվականին. այն ամենօրյա հայկական կրթօջախ է: Վարժարանում սովորում են 5-18 տարեկան 780 աշակերտ, որոնց ուսուցանվում է հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն և այլ առարկաներ: