Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամները հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/ֆրանսիա-1-300x225.jpg)
Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:
ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից, Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը բերած շարունակական նպաստի համար և վստահություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցության շարունակման կապակցությամբ:
Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը խորհրդի անդամների անունից շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորանշանակ դեսպանին, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:
Տեղեկանք. Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF), որը հիմնվել է 2001 թվականին, միավորում է չորս տասնյակից ավելի ֆրանսահայ քաղաքական, մշակութային, մարզական, կրթական, մասնագիտական և այլ կազմակերպությունների և ունի երեք տարածաշրջանային գրասենյակ՝ CCAF Իլ-դը-Ֆրանս (Փարիզ և հյուսիսային շրջաններ), CCAF Կենտրոն (Լիոն և կենտրոնական շրջաններ), CCAF Հարավ (Մարսել և հարավային շրջաններ):