Ինձ ևս համարում եմ պատասխանատու, որից ելնելով՝ ներկայացրել եմ հրաժարականի դիմում. Ֆիրդուս Զաքարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/Զաքարյան-2-1.jpg)
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Անկախությունից ի վեր հանրության այդ բնականոն ցանկությունը ոչ մի կերպ լիարժեք իրացում չստացավ: Այլ ժողովուրդներ վաղուց վայելում են կամարտահայտության միջոցով հանգուցալուծումների հասնելու պտուղները: Ցավոք, Հայաստանում ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների միջոցով իշխանություն ձևավորելու արատավոր սովորությունը տարիների ընթացքում հանրությանը հասցրեց խոր հիասթափության: Խեղաթյուրվեցին մարդկային բարձրագույն արժեքները, փողի ու անօրինականության միջոցով հարցեր լուծելը դարձավ հերոսության պես մի բան: Անկում ապրեցին մեր հոգևոր իդեալները: Շատերն իրենց խնդիրների լուծման միջոցը համարեցին հայրենիքից հեռանալը: Այս ամենի համար իշխանության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք ունի մեղքի իր բաժինը: 20 տարի լինելով իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, իսկ վերջին մի քանի տարիներին նաև խորհրդի անդամ, այնուամենայնիվ, ես բավականաչափ ակտիվ չեմ եղել և անհրաժեշտ ջանքեր չեմ ներդրել կուսակցության գաղափարներն ու գործելաոճն անաղարտ պահելու, դրանով իսկ երկրում անցանկալի երևույթների դրսևորմանը դիմակայելու հարցում: Պատճառը որոշումների կայացման վրա ազդելու բավականաչափ լծակներ չունենալը չի եղել միայն: Հավանաբար իր դերն է խաղացել նաև քաղծառայության ոլորտում վերջին 9 տարիներին զբաղված լինելը, գուցե և վճռականության պակասը: Շատերի պես ես էլ հանդես եմ բերել անտարբերություն, պահպանել անթույլատրելի լռություն այն պահերին, երբ անհրաժեշտ էր դրանց մասին բարձրաձայնել: Ինչևէ, եկել է սթափ որոշում կայացնելու պահը:
Թեև աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պաշտպանված է Քաղծառայության մասին օրենքով, և ինձ որևէ մեկը չի առաջարկել թողնել այն, այդուհանդերձ, մեր երկրում ստեղծված իրավիճակի համար ես ինձ ևս համարում եմ պատասխանատու, որից ելնելով՝ ներկայացրել եմ հրաժարականի դիմում:
Ուզում եմ ինձ ճանաչողներին հավաստիացնել, որ խաղաղ իշխանափոխությունը մեր երկրի բնականոն զարգացման համար այնքան պահանջված էր ու կարևոր, որ պետության ու հայրենիքի շահը գիտակցող յուրաքանչյուր մարդու համար այլևս էական չէ, թե իշխանափոխության պահին սահմանագծի որ կողմում է գտնվում՝ հանձնողի՞, թե՞ ընդունողի:
Սփյուռքի նախարարությունը եղել և մնում է կարևորագույն գործիք Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հարցում: Ուրախալի է, որ այս առումով հին և նոր ղեկավարների մոտեցումներում տարբերություններ չկան:
Շուրջ 10 տարիների ընթացքում դրվել են ամուր հիմքեր, որոնց վրա կարող են կազմվել ու իրագործվել հայրենանպաստ, իրատեսական այլ ծրագրեր:
Ես հաջողություն եմ ցանկանում նոր իշխանություններին և մաղթում ժողովրդի կամքով հռչակված գաղափարների անվրեպ իրականացում:
Նոր Հայաստանը բոլորիս որդիների Հայաստանն է:
Պատրաստ եմ օգտակար լինելու անկեղծ խոսքով:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի, Սփյուռքի և Արցախի իմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Ամենայն բարիք բոլորիս:
Հարգանքով՝
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ֆիրդուս Զաքարյան