«Կարելի է ՀՀ Ազգային ժողովում Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներ ընդգրկել». Վահագն Կարագաշյան

Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի  երկպալատ խորհրդարան ստեղծելու առաջարկին՝ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում  ասաց, որ առաջարկին համահունչ` կարելի է նաև մեկ այլ տարբերակ նկատի ունենալ՝ Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներին ընդգրկել ՀՀ Ազգային ժողովում:

«Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Թունիսը, Խորվաթիան, Էկվադորը, Ալժիրը և այլ երկրներ, որդեգրել են այս տարբերակը՝ յուրաքանչյուրն ընտրական իր հատուկ օրենքներով: Օրինակ՝ 2011 թուականին, մեկ միլիոն հաշվող Թունիսի Սփյուռքն ունի 18 պատգամավոր՝ 217 պատգամավոր ունեցող Ազգային Ժողովում: Տարբեր ժամանակներում Ֆրանսիայի Սփյուռքը ունեցել է 12 պատգամավոր՝ 331-ի համեմատ, Իտալիայինը՝ 12 պատգամավոր՝ 630-ի համեմատ, Ալժիրինը` 8 պատգամավոր՝ 389-ի համեմատ, Խորվաթիայինը` 6 պատգամավոր ՝152-ի համեմատ, Էկվադորինը` 6 պատգամավոր՝ 130-ի համեմատ»,- նշեց Վահագն Կարագաշյանը՝ հավելելով, որ նման ընտրական օրենքը Հայաստանում կարող է առաջացնել բազմաբնույթ ընտրական հարցեր ու խնդիրներ՝ սկսած երկքաղաքացիությունից մինչև սփյուռքյան համայնքների ընտրական ձևաչափին առնչվող հարցեր:

«Առաջին հերթին պետք է հստակեցվի Սփյուռքի յուրաքանչյուր համայնքում ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերի թվաքանակը: Այնուհետև անհրաժեշտ է ճշտել, թե յուրաքանչյուր երկիր կամ մայրացամաք քանի՞ պատգամավոր իրավունք ունի ընտրելու: Իտալիայի պարագայում ընդունված է Սփյուռքի իտալացի պատգամավորներին բաշխել ըստ չորս աշխարհագրական տարածքների՝ Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա և Օվկիանիա: Հետևելով Իտալիայի փորձին՝ Հայաստանի դեպքում կարելի է աշխարհագրական տարածքները բաշխել հետևյալ կերպ՝ Ռուսաստան և նախկին Խորհրդային երկրներ, Ամերիկյան մայրացամաք, Մերձավոր Արևելք, Եվրոպա: Անշուշտ, վերոնշյալ առաջարկները ենթակա են խորաթափանց քննարկման և վերլուծության»,-զրույցն ամփոփեց Վահագն Կարագաշյանը:

Scroll Up