«Պետք է միշտ փնտրել, և հաջողությունը կժպտա ձեզ». համոզված է երիտասարդ սիրիահայ կին ձեռներեցը

Անժելա Գրգյանը ծնվել է Հալեպում: Հայաստան է եկել 4 տարի առաջ՝ մայրիկի հետ: Սիրիայում են մնացել քույրը, եղբայրը և հորաքույրը:

«Այնտեղ նրանք աշխատում են, սեփական տուն ունեն, դրա համար ուզում են այնտեղ մնալ: Նաև այնտեղ ավելի բարձր է աշխատավարձը»,- նշում է Անժելան: Հարազատները նրան տեղեկացրել են, որ Հալեպում նախկինի պես մարդիկ այլևս չեն վախենում հրթիռներից և պայթյուններից, սակայն հսկայական են սոցիալական խնդիրները:

«Ամեն ինչի գները բարձրացել են, սակայն աշխատավարձը մնացել է մոտավորապես նույնը, ինչ պատերազմից առաջ էր: Նաև շատ մասնագետներ, օրինակ՝ բժիշկներ, հեռացել են: Շատ հայերն էլ են հեռացել: Առաջվանը չէ այլևս: Մինչև ե՞րբ, այլևս հայ չպիտի՞ մնա այնտեղ, չգիտեմ՝ ոնց պիտի լինի վիճակը»,- ասում է Գրգյանը:

Հայաստան գալուց հետո առաջին տարվա ընթացքում չի աշխատել: «Մոտավորապես երկրորդ տարին էր, որ Կլոր սեղանը (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ) կազմակերպեց վեբ դիզայնի դասընթացքը, որին հետևեցի: Շատ լավն էր, շատ արդյունավետ: Սովորեցինք վեբ դիզայն և կոդեր գրել»,-հիշում է Գրգյանը: Նա մինչև դասընթացին մասնակցելը դիզայնով արդեն զբաղվել է՝ Սիրիայում ստացել է դիզայների կրթություն: Ինտերնետ կայքերի պատրաստումը և կոդերի լեզուները սովորելուց հետո Անժելան սկսել է աշխատել որպես անկախ մասնագետ՝ աշխատելով հիմնականում տանից:

Ճիշտ է, վեբ դիզայն սովորելն իրեն շատ է օգնել, և ինքը դրա շնորհիվ ավելացրել է սեփական եկամուտը, սակայն Անժելան համոզված է՝ պետք է չսահմանափակվել միայն մեկ գործով, շարժվել առաջ և զարգանալ: «Արդեն մեկ տարի է, որ ձեռքի աշխատանքներ եմ անում: Քանի որ սա էլ կապ ունի իմ կրթության՝ արվեստի հետ, որոշեցի տարբեր իրեր նկարել: Ապակու, փորսելենի վրա եմ նկարել»,- ասում է Անժելան:

Նրա հետ հանդիպեցինք սիրիահայերի համար ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում: Այնտեղ սիրիահայ երիտասարդ նկարիչ-վեբ դիզայները ներկայացրել էր իր հեղինակային շարֆերի, կերամիկայի և հուշանվերների տեսականին: «Մեկ տարվա ընթացքում մասնակցել եմ մոտավորապես 12 ցուցահանդեսի: Լավ է, վաճառք էլ է լինում: Նաև Ֆեյսբուքում եմ դնում աշխատանքներս, այս ճանապարհով ևս պատվերներ են լինում»,- նշում է Անժելան:

Բացի վեբ դիզայնի դասընթացից, Անժելան մասնակցել է նաև Կլոր սեղանի կազմակերպած ռուսերենի դասընթացներին: Ասում է՝ շատ օգտակար էր. «Հայաստանում ռուսերենն օգտագործում են ինչպես մենք Սիրիայում արաբերենն էինք օգտագործում: Դասախոսն ալ լավն էր, խաղերի միջոցով բացատրում էր, հեշտ էր սովորելը»: Ռուսերենն օգտագործել է նաև ծրագրավորման դասընթացի արդյունքում ստացած գիտելիքն ու հմտությունները կիրառելիս՝ պատվիրատուների հետ շփման համար, քանի որ նրանցից ոմանք եղել են ռուսախոս:

Սակայն խնդիրներ էլ կան: Անժելայի խոսքով՝ որքան էլ սիրիահայերը  կամ մյուսները Կլոր սեղանի կամ այլ կազմակերպության միջոցով դասընթացներ անցնեն, միևնույն է՝ անվստահ են աշխատանք գտնելու հարցում: «Միշտ էստեղ գործատուները փնտրում են պրոֆեսիոնալ մարդիկ, որ իրենց հետ աշխատեն: Դա է պատճառը, որ մարդկանց մեջ աշխատանք գտնելու և իրենց ապագայի հանդեպ անվստահություն կա»,- իր և բազմաթիվ այլ սիրիահայերի փորձն է կիսում Անժելա Գրգյանը: Այդուամենայնիվ, նա չի հուսահատվում և կոչ է անում անդադար փնտրել և նոր հմտություններ ձեռք բերել:

Դժվարությունները հիմնականում սոցիալական են, ասում է Անժելան: «Ոչ միայն իմ, այլև մյուս սիրիահայերի համար դժվար է տան վարձը տալը, որովհետև ծախսերն էլ շատ են: Կա նաև օրենքների իմացութեան խնդիր: Օրինակ՝ եթե որևէ մեկը պիտի գրանցվի, ճիշտ օրենքները պետք է իմանա, շատ են օրենքները»,- նշում է երիտասարդ սիրիահայ գործարար կինը: Սակայն այդ բացն ինքը լրացնում է՝ տարբեր սեմինարների և խորհրդատվությունների այցելելով:

Հայաստանում մնալու ցանկություն ունի, ասում է՝ միակ պատճառը, որ կարող է իրեն դրդել մեկնել արտասահման, կլինի ցածր աշխատավարձը: «Վաստակածը քիչ է, նույնիսկ եթե ֆրիլանս (freelance) պատվերներ եմ բերում տուն և  տանից աշխատում, դա էլ շատ քիչ է, գումարը քիչ է, բայց հուսով եմ, որ գնալով ավելի կգնահատեն վեբ դիզայնի այս տեսակ աշխատանքները»,- ասում է roundtable-act.am-ի զրուցակիցը:

Անժելա Գրգյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այցելելով նրա Ֆեյսբուքյան էջը: Նա նաև ունի Յութուբյան ալիք, որտեղ ներկայացնում է իր ձեռքի աշխատանքները:

Ալլա Սարկիսովա

Ծրագրի պատասխանատու

Scroll Up