UWC Դիլիջանի կամավորները տուն են կառուցում «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ
Երևան, Հայաստան: Դիլիջանի միջազգային դպրոցի բազմազգ կամավորական խումբը անմնացորդ նվիրումով և պատրաստակամությամբ, կրկին միացել է ‹«Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմին՝ օգնության ձեռք մեկնելու տան կարիք ունեցող ընտանիքին: 2014թ.-ին քոլեջի բացումից ի վեր ուսանողները տարեկան երկու անգամ մասնակցում են «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագծին։
Այս տարի Ալբանիայից, Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Լիբանանից, Պորտուգաիայից, Սերբիայից եւ Հարավաաֆրիկյան հանրապետությունիցկամավորները հյուրընկալվել են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում` տան նկուղում երկար տարիներ բնակվող Չոբանյանների ընտանիքում: Երեք օրերի ընթացքում կամավորների կողմից իրականացրած տարբեր շինարարական աշխատանքները մեծ օգնություն էին ընտանիքի համար:
Ընտանիքի հայրը՝ Աբրահամը, բառեր չէր գտնում իր ուրախությունն ու երախտագիտությունը նկարագրելու համար:
‹‹Երկար տաիներ եմ երազել տուն ունենալու մասին, սակայն երբեք չէի կարող պատկերացնել անգամ, որ այսքան օգնող ձեռքեր կունենամ, այն էլ ինչպիսի՜: Ընտանիքիս համար սա հրաշք է, ինձ համար՝ դեռ անիրական թվացող երազ››,- ասել է Աբրահամը:
‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնը›› օգնում է կառուցել տուն՝ հայ ընտանիքներին հայրենի հողում պահելու, արժանապատիվ կյանք պարգևելու առաքելությամբ: Դիլիջանի միջազգային քոլեջի հետ համագործակցությունն էլ այդ առաքելության անքակտելի մասն է:
‹‹Համայնքում կամավորությունը UWC Դիլիջանի փորձառության միջոցով ուսւմնառության անբաժանելի մասն է, որի միջոցով ուսանողները սովորում են մարդասիրական աշխատանքի հիմունքները։ ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագծերին մասնակցությունը շատ կարեւոր է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր ուսանողների համար։ Այն օգնում է նրանց ակտիվ մասնակցություն ունենալ տեղական համայնքի կյանքին ու այդկերպ իրենց երախտագիտությունը հայտնել իրենց երկրորդ տանը››,- ասել է ուսանողական խմբի համակարգող կենսաբանության դասախոս Միքայել Մինասյանցը։
«Աշխարհի ամենատարբեր անկյուններից ուսման նպատակով Հայաստան եկած ուսանողները, օգնության ձեռք մեկնելով կարիքավոր ընտանիքներին, ապացուցում են, որ, մարդասիրությունը, սերը, հարգանքը, համամարդկային են: Այլ ազգի, լեզվի, կրոնի տարբերությունները միայն ավելի ուրախ են դարձնում շինարարության գործընթացը: Քանզի կամքը մեկն է՝ օգնել նրանց, ովքեր այսօր կարիքի մեջ են: Ահա այս գաղափարական հենքն է, որ չորս տարի շարունակ քոլեջի կամավորներին միացնում է Ֆուլերի թիմին՝ իրենց լուման ունենալու հայ օջախի շենացման գործում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Չոբանյանների տունը կառուցվում է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով: Հիմնադրամը 100 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Ֆուլեր տնաշինական կենտրոն ԲՀԿ-ին, որն պետք է ուղղվի Հայաստանի տասը համայնքներում բնակվող տասը ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
Այս տարի ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնը›› նշում է հայ ընտանիքներին ծառայելու, նրանց պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Այս տարիների ընթացքում ավելի քան 630 ընտանիք է աջակցություն ստացել և վայելում է տուն ունենալու բերկրանքը: