Նոր Ջուղայում հազարավոր հայորդիներ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներին

Ապրիլի 23. եկեղեցական արարողություն եւ մոմերով երթ

Հայոց  ցեղասպանության 103-րդ տարելիցին վիրված ձեռնարկների շարանում ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19-00-ին Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում կատարվեց «Կարգ բարեխոսական Սրբոցն Նահատակացն» արարողություն, որից հետո տեղի ունեցավ մոմերով երթ դեպի Սուրբ Ամենափրկիչ վանք, ուր մոմերը տեղադրվեցին Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի եւ Դեր Զորից բերված նահատակների աճյունների շուրջ, որից հետո ելույթ ունեցավ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:    Երեկոն վարեց  Ադրինե Ղեւյանը:

Ապրիլ 24.   Ս. Պատարագ, ծաղկեմատույց եւ քայլարշավ

Ապրիլի 24-ի առավոտյան Ս. Ամենափրկիչ վանքի «Հովսեփ Արեմաթացի» եկեղեցում, նախագահությամբ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանի, Տ. Վարդան քահանա Աղաբաբյանի ձեռամբ  եւ Սուրբ Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությամբ մատուցվեց  Սուրբ եւ անմահ Պատարագ, որից հետո Սրբոց նահատակաց հուշարձանին ծաղիկներ խոնարհելով` Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեցին հոգեւորականաց դասը, ազգային մարմինները, Հայ դատի հանձնախումբը, Հայոց ազգային դպրոցների տնօրինությունները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդները, միությունների վարչական կազմերը, երգչախմբերը, Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարարտ» միության Սկաուտական միավորի անձնակազմը, Նոր Ջուղայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի անդամները եւ համախմբված հազարավոր այլ  հայորդիներ:

Ծաղկեմատույցին հաջորդեց բողոքի քայլերթ Նոր Ջուղայի հիմնական պողոտաներով, որի ընթացքում ընթերցվեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի բանաձեւը` պարսկերեն եւ  շնորհակալական խոսք ուղղվեց Սպահան քաղաքի պատասխանատուներին` քայլերթի թույլտվության եւ անվտանգությունը ապահովելու  համար:

Ապրիլի 24-ի երեկոյան  Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության դահլիճում տեղի ունեցավ դասախոսական եւ գեղարվեստական ձեռնարկ:

Երեկոյի բացման  խոսքից  հետո Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի խոսքով հանդես եկավ խորհրդի ատենադպիր Սոնիկ Բաղումյանը, ապա թեմակալ առջնորդ Սրբազան հայրը հանդես եկավ դասախոսական ելույթով: Ծրագրի գեղարվեստական հայտագիրն իրականացվեց Հայաստանից հրավիրված  երգիչներ Արմեն Հովհանիսյանի եւ Հակոբ Հակոբյանի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամների, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության  Մշակութային միավորի «Կռունկ» համույթի ավագ եւ կրտսեր պարախմբերի ու ասմունքի խմբի անդամների մասնակցությամբ:

Երեկոն վարեց Մարտունի Խաչիկյանը:

Հատկանշելի է, որ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ձեռնարկների ծիրում Սպահանի արյան փոխներարկման կազմակերպությունում կայացել է «Արյան նվիրում» խորագրով միջոցառում` հայ համայնքի անդամների մասնակցությամբ:

Հավելեմ, որ  ապրիլի  18-ին եւ 20-ին Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանոց`  Հայոց ազգ. դպրոցների աշակերտների մասնակցությամբ:

Ապրիլի 21-ին եւ 22-ին Սրբոց նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել աշակերտական համահավաք-ծաղկեմատույց:

«Թադեոս Թադեոսյան» պատանեկան միության անդամները  պատրաստել էին մի հետաքրքիր պատկեր: Որպես միասնության խորհրդանիշ` ժողովուրդն այն ներկելով  ամբողջացրեց:

Երանուշ Թահմազյան

Իրան- Սպահան (Նոր Ջուղա)

Լուսանկարները` Գեւիկ  Խաչատրյանի եւ հեղինակի

 

 

 

Scroll Up