«Այս գրքով հայրիկս` Արման Կոթիկյանը, շարունակում է մնալ մեր տանը». Սեդա Կոթիկյան
Դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դասախոս Սեդա Կոթիկյանը՝ հայ անվանի դերասան, բանաստեղծ, թարգմանիչ Արման Կոթիկյանի դուստրը, իր հայրիկին նվիրված «Չմոռանաք ի՛մ անունն էլ տալ…» վերնագրով հուշերի գիրք է հրատարակել: Նա այս հրատարակության մասին երկար տարիներ է մտածել, որը, սակայն, հաջողել է միայն 2017 թվականին կյանքի կոչել:
Սեդա Կոթիկյանի նպատակն է եղել գրքում ներկայացնել ոչ միայն դերասան, այլև՝ գրականագետ, բանաստեղծ թարգմանիչ Կոթիկյանին: Գիրքը կազմել է հայրիկից մնացած գրական ժառանգության, նյութերի, նրա ժամանակակիցների, խաղընկերների հուշերի ու նաև նրա երկրպագուների տպավորությունների հիման վրա: Ընդգրկված են նաև Արման Կոթիկյանի բանաստեղծություններից: Մի խոսքով, այս գիրքը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու թատրոնի և կինոյի մեծ վարպետին:
«Այս տարի լրանում է հայրիկիս մահվան 50-րդ տարելիցը, և այս գիրքը ձոնում եմ նրա անմահ հիշատակին: Գրքով հայրիկս վերադառնում է տուն, և նրա վերադարձը համարում եմ հուշարձան, որ կերտվեց հայրիկիս ժամանակակիցների, նրա արվեստը սիրող նվիրյալների և մեր ընտանիքի լավ բարեկամների ձեռամբ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սեդա Կոթիկյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությամբ նաև որդիական պարտքն է կատարում իր սիրելի ծնողների հանդեպ, ովքեր իրենց կյանքն ապրել են հայ ավանդական ընտանիքին բնորոշ մաքուր, առաքինի պահվածքով:
Խոսելով հայրիկից պահպանած հուշերի մասին՝ Սեդա Կոթիկյանը ժպիտով պատմեց, որ նա շատ ջերմ, միաժամանակ խստապահանջ անձնավորություն է եղել թե՛ իր անձի, թե՛ հարազատների նկատմամբ: Եվ այդ խստապահանջությունը զարմանալիորեն նրա կերտած բոլոր կերպարներում նկատվել է:
«Նա շատ ընկերասեր էր, մեր տուն հաճախ էին գալիս մեծանուն դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, գրողներից՝ Խաչիկ Դաշտենցը և ուրիշներ: Ահա այդպիսի մթնոլորտում եմ մեծացել, որն էլ հետագայում ճակատագրիս կերտման հարցում կարևոր նշանակություն ունեցավ»,-նշեց Սեդա Կոթիկյանը և ընդգծեց, որ մասնագիտական ընտրություն կատարել է մայրիկի՝ Օլգա Բաբասյանի հորդորով, ով նույնպես դաշնակահարուհի էր և Երևանի Կոմիստասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:
Սեդա Կոթիկյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, մասնավորապես՝ գրքի հրատակիչներ Նունե Սամվելյանին և Վլադիմիր Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակիցներին, ովքեր անշահախնդրորեն աջակցել են Արման Կոթիկյանի հուշերի գրքի լույս աշխարհ գալուն:
«Այս գրքով հայրիկս շարունակում է մնալ մեր տանը՝ ամենօրյա իր ներկայությամբ սփոփելով ինձ: Եվ ինչպես ինքն էր ասում. «Ամեն բան անցողիկ է, աղջի՛կս, մնայուն է միայն մարդու անունը, մնայուն է այն հիշատակը, որ սերում է գործերից»,- զրույցն ամփոփեց Սեդա Կոթիկյանը:
Արման Կոթիկյանը ծնվել է Տրապիզոնում։ Բեմ է բարձրացել 1918 թվականին։ 1920-1936թթ. ապրել է Փարիզում և Բրյուսելում: 1925 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է նաև Սորբոնի համալսարանում:
Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում։ 1936 թվականին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Նրա լավագույն դերերից են՝ Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»):
Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, այդ թվում «Տժվժիկ», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում։ Մահացել է Երևանում:
Գևորգ Չիչյան