Արցախում գտնվող հուշարձանները թվագրվում են քարե դարից մինչև ուշ միջնադար. ոլորտի պատասխանատու
Արցախում հուշարձանների պահպանության պետական ցուցակում հաշվառված է ավելի քան 4000 հուշարձան:
Այս մասին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ , ըստ «Արցախպրես»-ի ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Արցախի տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները ներառված են հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Դրանք պարբերաբար համալրվում են նորահայտ հուշարձաններով, ինչպես նաև գտնվում պետական հսկողության տակ:
«Արցախի տարածքում գտնվող հուշարձանները վերաբերում են շատ տարբեր ժամանակների` քարե դարից մինչև ուշ միջնադար: Հետևաբար, եթե նայենք կրոնական բաժանման տեսանկյունից, կան հուշարձաններ, որոնք պատկանում են այն ժամանակներին, երբ անգամ ներկայիս համաշխարհային կրոնները չկային: Ուստի ասել, թե քանիսն են քրիստոնեական, քանիսը՝ ոչ, հնարավոր չէ: Կոնկրետ մահմեդական դավանանքին պատկանող հուշարձանների թիվը հուշարձանների պետական ցուցակում հասնում է շուրջ երեք տասնյակի»,- նշել է Ն. Երանյանը:
Նրա խոսքով՝ Արցախում բազմաթիվ են ինչպես պատմամշակութային, այնպես և բնական հուշարձանները: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող արգելոցներից երեքը պատմամշակութային են, երկուսը` բնապատմական:
«Արցախում գտնվող հուշարձանները ֆիզիկապես հասանելի են բոլորի համար: Գուցե դրանց մի մասը դժվարամատչելի վայրում է գտնվում, կամ քիչ է հանրահռչակված, ինչի պատճառով քիչ է այցելությունների թիվը: Անընդհատ տարվում են աշխատանքներ նմանատիպ հուշարձանների հանրահռչակման, տեղեկատվական վահանակների, տարբեր ցուցանակների և այդ հուշարձանների շրջակայքի բարեկարգման ուղղությամբ: Եթե խոսենք հուշարձանների բացառիկության մասին, ապա հարկ է նշել, թե ինչ նկատի ունեք՝ բացառիկ ասելով: Ցանկացած հուշարձան Արցախում ունի իր պատմամշակութային արժեքը և հետաքրքրությունը»,- ավելացրել է Ն. Երանյանը:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 18-ը, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն է: Այն ընդունվել է 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում. այցելություն հուշարձաններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ: