«Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է». Հունահայոց թեմի առաջնորդ

Ապրիլի 11-ին  Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սրբազանի նվիրյալ աշխատանքը՝ որպես հոգևոր առաջնորդ Լիբանանում և այսօր արդեն Հունաստանում: Նա Գեղամ սրբազանին ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, նշեց, որ այս հոբելյանական տարում, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց պետականության 100, Երևանի հիմնադրման 2800 ամյակները, համայնքն էլ ավելի պետք է համախմբվի, ավելի ակտիվ ու միասնական դառնա: Այնուհետև անդրադարձ կատարվեց նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությանը: Քննարկվեցին առաջիկա անելիքները, համագործակցության հեռանկարները:

Հունահայոց թեմի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախարարության ծրագրերին և հավելեց. «Ուրախ եմ հանդիպելու և մեր գնահատանքը Ձեզ փոխանցելու: Լրանում է Սփյուռքի նախարարության հիմնադրման 10 ամյակը: Անցած տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ բազմազան ու բազմաբնույթ Սփյուռքը համախմբելու և միավորելու ուղղությամբ. այդ ամենը շատ ոգևորող է: Մեր պարտքն ու պատասխանատվությունն է համայնքը հայ պահել, համախմբել ու զորացնել, ամրացնել կապը Հայաստանի հետ: Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է»:

Scroll Up