Նրանց միակ ցանկությունն իրենց մայրենին չկորցնելն է. թուրքական կայքի անդրադարձը համշենահայությանը

Թուրքական ամենաընթերցվող ժամանցային կայքերից onedio.com-ը հատուկ անդրադարձ է հրապարակել համշենցի հայերի մասին՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով նրանց խնդիրների, ծագման ու ավանդույթների վերաբերյալ բազմաթիվ հարցերի վրա, հաղորդում է tert.am-ը:

«Մայրենին կորցնելու վտանգի տակ գտնվող սևծովյան մի ժողովուրդ. համշենցիներ» վերնագրով հոդվածում նշվում է, որ համշենցիներն իսլամացվել են դարեր առաջ՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Նյութի հեղինակներն ընդգծել են, որ թեև Թուրքիայում համշենցիների էթնիկ ծագման վերաբերյալ տարակարծությունները շատ են՝ առկա են օսմանյան արխիվային փաստաթղթեր, որոնցում համշենցիները հիշատակվում են որպես կրոնափոխ հայեր:

Նյութում նույնիսկ կցված է տվյալ արխիվային փաստաթղթի պատճենը, որն ավելի վաղ հրապարակվել էր «Ակօս» հայկական պարբերականի կողմից:

Bu düşünceye kanıt olarak 1 Haziran 1913 tarihinde kaleme alınmış, dönemin Osmanlı Genelkurmay’ı tarafından, İçişleri Bakanlığı’na gönderilen bu belgeyi sunuyorlar. Belgede “Hemşin ismiyle bilinen Ermeni'den dönme Müslümanlar” yazdığı söyleniyor.

Հոդվածի հեղինակները կիսվել են ենթադրությամբ, որ այժմ ամբողջ Թուրքիայի տարածքում ապրում է շուրջ 300 000 համշենցի:

Նշված են նաև նրանց հիմնական բնակավայրերը. արևելյան համշենցիները կենտրոնացած են հիմնականում Արդվինի Խոպա, Քեմալփաշա, Բորչկա շրջաններում, իսկ արևմտյան համշենցիները՝ Ռիզեի Հեմշին, Չամլըհեմշին և Չայելի շրջաններում, որոնք էլ կազմում են պատմական բուն Համշենի տարածքը:

Ընդ որում՝ հայերեն խոսում են հիմնականում արևելյան համշենցիները՝ Արդվինի գյուղերում ապրող մոտ 30-40 հազար համշենահայ:

«Իրականում նրանց կիրառած լեզուն հայտնի է որպես արևմտահայերենի բարբառներից մեկը: Թեև մի կողմ դնենք նրանց հայ կամ թուրք լինելը. այս ժողովրդի միակ ցանկությունն իրենց մայրենին չկորցնելն ու եկող սերունդներին փոխանցելն է», – գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Համշենի հայկական բարբառը UNESCO-ի կողմից դասվել է վերացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքին:

Scroll Up