Սփյուռքի նախարարը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայկազյան համալսարան և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին
Մարտի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Պատվիրակության անդամները նախ եղել են Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը հյուրերին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է:
Այնուհետև պատվիրակության անդամները այցելել են հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառը: Այստեղ հանդիպում է տեղի ունեցել Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների հետ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը:
Վարչապետն իր ելույթում մասնավորապես նշել է. «Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների մեծագույն դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները, լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում, և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:
Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստա՛հ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրությու՛ն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում, և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»: