Մայրության և գեղեցկության տոնը՝ Դենվերի շաբաթօրյա հայկական դպրոցում
Մարտի 10-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի հայկական շաբաթօրյա դպրոցում նշվել է Կանանց միջազգային օրը:
Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Կոլորադոյի հայկական կազմակերպության (AOC) ատենապետ, դպրոցի հիմնադիր Սոնա Հեդեշյանը, ինքնատիպ միջոցառումը կազմակերպել էին դպրոցի տնօրեն Ռուզաննա Ավետիսյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Զաքարյանը. տոնական ջերմ մթնոլորտում աշակերտները երգելուց, արտասանելուց և պարելուց բացի հանդես են եկել նաև անակնկալով. իրենց և իրենց մայրիկների լուսանկարներով, հայերեն բարեմաղթանքով բացիկներ են պատրաստել` ծաղկեփնջի հետ միասին նվիրել ով դահլիճում ներկա մայրիկներին: Ապա լուսանկարները ցուցադրվել են տեսապատկերի միջոցով: Երեխաների պատրաստած անակնկալից ծնողներն անչափ հուզվել են:
Միջոցառմանը ներկա է եղել նաև «AOC»-ի փոխատենապետ Բյուզանդ Երեմյանը:
Սոնա Հեդեշյանը վստահեցրեց նաև, որ չնայած համայնքը փոքրաթիվ է, այնուամենայնիվ՝ հայապահպանության գործընթացը լավագույնս կազմակերպելու համար նրանք անում են հնարավորն ու անհնարինը, որ մատաղ սերունդը կարողանա պահպանել ազգային դիմագիծը:
Զրույցի վերջում Սոնա Հեդեշյանն իր բարեմաղթանքը հղեց աշխարհասփյուռ հայուհիներին և մասնավորապես նշեց. «Ցանկանում եմ, որ հաղթահարելով շրջապատում առկա խոչընդոտները՝ օտար ափերում ապրող հայ կանայք շարունակեն իրենց երեխաներին արժանապատիվ հայ մեծացնելու, հայոց լեզուն, մշակույթն ու պատմությունը փոխանցելու ազգանվեր գործը, այդպիսով՝ նպաստելով ընտանիքի հայ մնալուն և ձուլման վտանգի չենթարկվելուն: Թո՛ղ հայ մայրերը՝ մեր ընտանիքների հենասյունները, հարատևե՛ն, ամու՛ր մնան իրենց հավատքի մեջ և այն փոխանցեն սերնդեսերունդ»:
Հավելենք, որ դպրոցը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբեր ամսին, որտեղ 4-16 տարեկան քառասուն աշակերտի հայոց լեզու և հայրենագիտություն է դասավանդվում: