Մայրենիին նվիրված գրական-ճանաչողական երեկո Կիևում

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Կիևի հայ կանանց խորհուրդը Ռերիխի անվան գրադարանում կազմակերպել էր «Մեր մտքի պահեստ, հոգու օթևան» գրական-ճանաչողական երեկոն: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Կիևի հայ կանանց խորհրդի անդամ Սալոմե Ենգիբարյանը, կիևահայ լսարանին ներկայացվեցին հետևյալ թեմաները. «Մեսրոպ Մաշտոցը՝ հայագիր դպրության հիմնադիր», «Հայերենը՝ գիտության լեզու», «Հայոց լեզուն՝ աղոթք առ Աստված», «Մայրենի լեզուն՝ ազգի գոյատևման գրավական», «Հայերենը որպես լեզվամտածողության կերակուր», նաև հետաքրքիր փաստեր և տեղեկություններ Մայրենիի մասին: Հնչեցին գուսանական և ժողովրդական երգեր:
Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ նույն գրադարանում հանրությանը ներկայացվեց նաև հայկական մշակույթի «Նավասարդ» սենյակ-թանգարանը, որտեղ ցուցադրված են կենցաղային իրեր, նկարներ, ազգային տիկնիկներ, հուշանվերներ, գրքեր, տարազի տարրեր: Կիևի հայուհիները նկարչուհի-ձևավորող Տաթևիկ Խաչատրյանի գլխավորությամբ մի անկյուն են ստեղծել, որտեղ ամեն մի իրն ու նախշը, գիրքն ու պատկերը հայկական շունչ ունեն և հիշեցնում են մեզ մեր հարազատ հողը: