Հայաստանի Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմը ցուցադրվեց Թեհրանում

Իրանում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ փետրվարի 21-ին Թեհրանի «Չհարմահալ» միության «Հովհ. Թումանյան» դահլիճում տեղի ունեցավ «Շարմ Հոլդինգ»-ի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «DHM studio»-ի համատեղ նկարահանած 7 նովելից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Իրանի «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Հայաստանից հրավիրվել և ներկա էր «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը: Տեսաֆիլմի ընտրությունը պատահական չէր` ցուցադրությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակին, քանզի ներկայացվող կարճ դրվագներում իրական պատմություններ էին թե՛ պատերազմական, և թե՛ վերածնունդ ապրող ժողովրդի:
Մինչ ֆիլմի ցուցադրումը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն իր խոսքում նշեց նման միջոցառման կարևորությունը և բեմ հրավիրեց Կարեն Ղազարյանին:
Կինոժապավենի ցուցադրությանը ներկա էին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Թեմական խորհրդի և ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ: