Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի առաջնախաղը

Փետրվարի 23-ին, ժամը՝ 12:00-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայռուսական երիտասարդական միասնություն»-ից, ֆիլմի առաջնախաղին ներկա են լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ, Ստալինգարդի ճակատամարտին մասնակցած 7 վետերան, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Վետերանների միավորման ղեկավար կազմը, աշակերտներ, ուսանողներ, ինչպես նաև ՀՀ ՊՆ կից գործող հայրենասիրական հասարակական կազմակերպություններ, բուհերի ներկայացուցիչներ և այլք։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է հայ-ռուսական երիտասարդության առաջին պաշտոնական գրանցում ունեցող միավորումը:

Միջոցառման գործընկերներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանում ՌԴ Գիտության և մշակույթի կենտրոնը, Հայ-ռուսական համալսարանը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Ռուսաստանում Ջավախքի Սփյուռք» ՀԿ-ն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության մոսկովյան մասնաճյուղը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Յուպիտեր ֆոտո էքսպրես» ՍՊԸ-ն և Մոսկվայի հայրենակցի տունը:

Scroll Up