Արմեն Սարգսյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 20-ին Վիեննայում, Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը Ավստրիայի Հայ Համայնքի հոգևոր, դիվանագիտական, մշակութային, միութենական կազմակերպությունների ղեկավարների, Ավստրիայի հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրինությանը և համայնքի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ՝ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանը, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան’ մեծարգո պարոն Արման Կիրակոսյանը, Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ’ արժանապատիվ Տեր Անդրեաս Իսախանյանը, Մխիթարյան միաբան Հ. Վահան վրդ. Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ավստրիաբնակ հայ սոպրանո, սիրելի Հասմիկ Պապյանը և համայքի այլ ակտիվ ներկայացուցիչներ, բարերարներ: ՀՀ Նախագահի թեկնածու պարոն Արմեն Սարգսյանին ներկայացվեցին հանրածանոթ Օրեր եվրոպական անկախ ամսագրի Ավստրիայի հայությանը նվիրված հատուկ համարը, ինչպես նաև ամսագրի Գալուստ Գյուլբեկյանին և Հովհաննես Այվոզովսկուն նվիրված համարները։ Նրանց իր ելույթում անդրադարձավ նաեւ պարոն Սարգսյանըˋ բարձր գնահատելով մեծ հայերի ավանդը հայապահպանության գործում:
Ավստրիայի հայ մանկական երգչախմբի սաները Հայր Մեր աղոթքի իրենց հրաշալի կատարումով դիմավորեցին հարգարժան պարոն Սարգսյանին, ով իր հերթին, երեխաներին անակնկալ մատուցեց և նվիրեց իր տիկնոջ’ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթային գրքերից, որոնք շատ մեծ հիացմունք առաջացրեցին երեխաների մոտ.
Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ՝ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է Ավստրիայի Հայ Համայնքի համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում և թե Սփյուռքում, ակնկալում են լավ քաղաքական մշակույթի ձևավորում և զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:
Արմեն Սարգսյանը լսեց Ավստրիայի հայ համայնքի ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը:
Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ, խոսում էին Հայաստանի և Սփյուռքի կառույցներն արդյունավետ և ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից:
Արմեն Սարգսյանը ներկայացրեց բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը: Հանդիպումը անցավ բաց մթնոլորտում և շատ օգտակար էր: Խնդիրների քննարկման շրջանակը շատ մեծ էր՝ սկսած տնտեսության խնդիրներից, Արցախից, Գյումրիից, կրթությունից և այլն: Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը հարգարժան պարոն Արմեն Սարգսյանին, ինչպես նաև Ավստրիայի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին հանդիպմանը իրենց ակտիվ մասնակցության և հետաքրքրության համար: