Հայկական մշակութային երեկո Լիբանանի Զու Մըկաել քաղաքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/Զու-Մըկաել1.jpg)
Լիբանանում ՀՀ դեսպանության և Զու Մըկաելի քաղաքապետարանի համատեղ կազմակերպմամբ փետրվարի 16-ին քաղաքի Երիտասարդության և մշակույթի տանը (Maison des Jeunes et de la Culture, Zouk Mikael) տեղի ունեցավ «Հայկական մշակութային երեկո» խորագրով միջոցառում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը, միջոցառմանը ներկա էին Զու Մըկաելի քաղաքապետարանի և Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակազմի անդամներ, հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Ձեռնարկին ելույթներով հանդես եկան մշակութային տան տնօրեն տիկին Ռուլա Սավանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և քաղաքային խորհրդի նախագահ Էլիաս Բաինուն։ Դեսպան Մկրտչյանն անչափ կարևորեց միջմշակութային երկխոսության նման նախաձեռնությունը, անդրադարձ կատարեց հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր կապերին՝ շեշտելով, որ այսպիսի ձեռնարկներն օգնում են ճանաչել միմյանց, փոխհարստացնել ազգային մշակույթները և ամրապնդել բարեկամությունը։
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Լիբանանի հայ մշակութային միություններին, «Պատկեր» հայկական ժառանգության կենտրոնի տնօրեն Արփի Մանգասարյանին՝ ակտիվ մասնակցության համար։
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Նոր սերունդ մշակութային միության «Արեգ» պարախումբը, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գայանե» պարախումբը, Թեքեյան մշակութային միությունից մենակատար Ալիս Իփրաջյանը։
Միջոցառման ավարտին «Պատկեր» հայկական ժառանգության կենտրոնի կողմից ներկաներին ներկայացվեցին հայկական ավանդական հուշանվերներ և տարազներ, Պատմական Հայաստանի տարբեր շրջաններին՝ Ուրֆա, Մարաշ, բնորոշ զարդանախշերով ասեղնագործ աշխատանքներ և «Պատկեր» ռեստորանի կողմից պատրաստված հայկական ավանդական ուտեստներ: