Գևորգ Կարապետյանը՝ Իրանի 2017 թվականի լավագույն գիտահետազոտող
Իրանի «Ամիր Քաբիր» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանն արժանացել է էներգետիկայի բնագավառում Իրանի 2017 թվականի լավագույն գիտահետազոտողի կոչմանը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով tehranprelacy.com-ին, հայտնում է, որ Իրանի էներգետիկայի միությունը գնահատագիր հանձնելով նրան՝ ողջունել է դոկտոր Կարապետյանի անխոնջ ջանքերը երկրի գիտահետազոտական և մշակութային գերագույն նպատակների իրականացման ու երկրի էներգետիկ գիտությունը առաջ մղելու առումով:
Գևորգ Կարապետյանը, ով Իրանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտահետազոտական հարցերով տեղակալի պատասխանատվությունն է ստանձնել, համարվում է էլեկտրականության և էներգետիկայի բնագավառում Իրանի գիտական առաջատար դեմքերից, ով վերջին տարիներին բազմաթիվ հետազոտություններ է անցկացրել միկրոցանցերի, վերականգնվող էներգետիկայի, պահեստավորման և էլեկտրականության ու էներգետիկայի այլ բնագավառներում: Նա նաև այս ոլորտում օգնել է բազմաթիվ ուսանողների՝ դիպլոմային աշխատանքներում: