Հեռակոնֆերանս Երևանի և Փարիզի հայկական դպրոցների միջև

Փետրվարի 16-ին Երևանի Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հեռակոնֆերանս` նվիրված Մայրենիի օրվան: Ստ. Զորյանի անվան դպրոցը՝ տնօրեն Սուսաննա Գալստյանի, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ տեսակապ հաստատեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի հետ: Փարիզից տեսակապին մասնակցում էին տնօրեն Հայկ Սարգսյանը, վարչության անդամները և վարժարանի ուսուցիչները և սաները: Այդ երկու դպրոցների միջև ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակներում 2017թ. հոկտեմբերին կնքվել էր համագործակցության հուշագիր:

Հեռակոնֆերանսին ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Ամիրյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ով փոխանցեց հայկական երկու դպրոցներին ուղղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի և շնորհավորական խոսքը: Փոխադարձաբար Սփյուռքի նախարարությանը երախտիքի խոսք ուղղեց «Դպրոցասեր» վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանը, ում խոսքերով՝ նախարարության շնորհիվ հայաստանյան դպրոցի հետ ունեցած կապը ոգեշնչման մեծ աղբյուր է իրենց ուսուցիչների և սաների համար:

Երկու կրթօջախները ներկայացրին Մայրենիին ձոնված գրական, երաժշտական համադրություններ, իսկ հանդիպումը կրում էր «Գարունդ հայերեն է գալու…» ընդհանուր խորագիրը: Ասմունք, երգ, պար, ազգային ոգու դրսևորման մի գեղեցիկ և հուզական մթնոլորտ, որը ստեղծվեց հեռակոնֆերանսի ժամանակ: Երկուստեք արժևորվեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման ուղղությամբ Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը:

Scroll Up