Հայկական պար և երաժշտություն Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի միջազգային օդանավակայանում. տեսանյութ

Սան Պաուլոյի «Գուարուլյոս» միջազգային օդանավակայանում  փետրվարի 12-ին հնչել է հայկական երաժշտության և կատարվել են հայկական պարեր: Այդպես են հայաստանցի պարուսույց Հովհաննես Դաշտոյանին ճանապարհել Բրազիլիայի Համազգային հայ կրթական և մշակութային միությանը կից գործող «Կիլիկիա», «Արևիկ» պարախմբի անդամները:

«Շատ տպավորիչ ու անմոռանալի պահ էր, չէի սպասում, որ պարախմբի անդամները նման անակնկալ կմատուցեն: Շատ հագեցած և անմոռանալի օրեր եմ ունեցել Բրազիլիայում, իսկ օդանավակայանում կատարվածը կարծես այդ ամենի եզրափակումն էր»,- «Հայերն այսօր»-ի հետ ցրույցում ասաց Հովհաննես Դաշտոյանը:

Հավելենք, որ պարուսույց Հովհաննես Դաշտոյանը Բրազիլիա էր մեկնել  Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (ԱՄՆ, Ավստրալիա)»-2017 ծրագրի շրջանակներում 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 12-ը Հովհաննես Դաշտոյանը (վերջինս ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի սաներից է) այցելել էր Սան Պաուլո քաղաք՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությանը կից գործող «Կիլիկիա», «Արևիկ» պարախմբի անդամներին վերապատրաստելու նպատակով:



Scroll Up